ԱՊՀ հիմնարար փաստաթղթերից մեկը 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրն է. այդ փաստաթղթով 11 խորհրդային հանրապետություններ, ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, արձանագրեցին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության դադարեցումը։ Այս մասին Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ալմա-Աթայի հռչակագիրն առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում։

2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Այս կանոնակարգը դարձավ անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև կնքված առաջին երկկողմ իրավաբանորեն ուժ ունեցող փաստաթուղթը։ Եվ այդ փաստաթղթում ամրագրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում որպես հիմնարար սկզբունք հիմք են ընդունելու Ալմա-Աթայի հռչակագիրը։
ԱՊՀ հիմնարար փաստաթուղթն առանցքային տեղ է զբաղեցնում նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրված տեքստում։
Փաստաթղթի նախաբանում հիշատակվում է Ալմա-Աթայի հռչակագիրը, իսկ առաջին հոդվածում ասվում է. «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը»։
Իսկ նույն համաձայնագրի երկրորդ հոդվածում ասվում է. «Լիովին համապատասխանելով Առաջին հոդվածին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն ներկայացնի։ Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, ներառյալ՝ այնպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը կամ աջակցումը, որոնք ուղղված են մյուս Կողմի տարածքային ամբողջականության կամ քաղաքական միասնության ամբողջական կամ մասնակի մասնատմանը կամ խախտմանը»։

Վերոնշյալ հոդվածները պարունակող համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տանը կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։
2020 թվականի պատերազմից հետո մենք երկար ճանապարհ ենք անցել դեպի խաղաղություն։ Այս համատեքստում, ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հասնելու գործում։
Սակայն նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, ցավոք, մեզ փաստացի չհաջողվեց հասնել խաղաղության։ Ակնհայտ էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կա՝ Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա կառուցված ճարտարապետությունը։
Պետք է ընդունել, որ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը չկանխեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը։
Ավելի քան 30 տարի հակամարտությունը շարունակվել է Ալմա-Աթայի հռչակագրի գոյության պայմաններում, և, կարծես թե, դրա գոյությունը նկատելի չէր։
Լիարժեք խաղաղություն հաստատելու համար, պատկերավոր ասած, անհրաժեշտ էր վերածնել Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը մենք Ադրբեջանի նախագահի հետ արեցինք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով»։





























