News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որի խափանման միջոց կալանքը երեկ Վերաքննիչ դատարանը բեկանել է, այսօր տեսակապի միջոցով հարցազրույց է տվել armdaily.am-ին։

Նա հայտնել է, որ Մարտի 1-ի գործը վերաբացելուց հետո ինքը երբևէ չի հարցաքննվել․« Այդ գործով առաջին ծանուցումը ստացել եմ կարծեմ սեպտեմբերի 11-ին. այն մեր հասցեով տուն էին ուղարկել, և իմ փաստաբանը արձագանքել է ծանուցմանը, գրավոր բացատրություն է ներկայացրել քննիչին, որ ես գտնվում եմ Մոսկվայում բուժման նպատակով, և որ անհրաժեշտության դեպքում նրանց կտրամադրվեն կոնտակտային տվյալներ, հասցե և ինչ որ անհրաժեշտ է։ Սակայն որևէ արձագանք երկար ժամանակ չկար»։

Նրա խոսքով՝ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը, այլև ողջ գործընթացն ի սկզբանե ապօրինի է, անհիմն, շինծու․ «Հետախուզում հայտարարելու համար ՀՔԾ-ն ուղղակի կեղծիքների է գնացել, և ես լինելու եմ հետևողական, ու նրանք պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ… Ինձ ՀՔԾ են հրավիրում որպես վկա։ Ընդ որում, վկան չունի պարտավորություն արտերկրից ժամանելու հարցաքննության։ Ես ինքս եմ զանգահարել քննիչներին, հայտնել իմ հասցեն, կոնտակտային տվյալները և կրկին ասել, որ 1-2 օրվա ընթացքում ես կարող եմ տեղեկատվություն տալ իմ՝ Հայաստան վերադառնալու ճշգրիտ ժամանակի վերաբերյալ։ Պարզվում է, որ այդ ժամանակ նրանք ինձնից թաքցնում են այն հանգամանքը, որ դեռևս ամսի 30-ին որոշում է կայացվել ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին, և հաջորդ օրը մենք մամուլից ենք իմանում այն մասին, որ իմ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը… Եթե ինձ ասեին, որ ինձ որպես մեղադրյալ են ներգրավել, ես բուժումը կթողնեի, որ հետախուզումը բացառվեր, և հաստատ կվերադառնայի Երևան, որովհետև հաստատ ոչինչ չունեմ թաքցնելու։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը ոտնատակ է տրված, հավասարեցված է զրոյի, և արդարադատություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի»։

Վահագն Հարությունյանը նաեւ պնդել է, որ իր դեմ կատարվող գործողությունները ուղղորդված են․ «Ամբողջ այս գործընթացներն ուղղորդված են։ Վարչապետի ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մարտի 1-ի գործով լինելու են աղմկոտ բացահայտումներ։ Նա որտեղի՞ց գիտեր մանրամասները, եթե քրեական գործի նյութերին ծանոթ չէր ու չէր ուղղորդում։ Նույնի մասին են վկայում նաև պարոն Սասուն Խաչատրյանի հայտարարությունները։ Ես դեռևս ոչ ոքի չեմ մեղադրում, ես ասում եմ իմ կարծիքը… Նրանք, ովքեր ասում են, որ ես փորձագետին եմ ուղղորդել, ես էլ ասում եմ ՝ գլուխներդ պատին եք տվել»։

Հարությունյանը անդրադարձել է նաեւ մեղադրանքի բովանդակությանը, հայտնել, որ երկու անձ իր դեմ ցուցմունք են տվել․ «Մեղադրանքի որոշման մեջ կան երկու անձանց տվյալներ, ովքեր իբրև իմ ասելով՝ թե փամփուշտները կրակել են։ Է, թող չկրակեին, կամ կրակել են, իրենց համար են կրակել, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ։ Անընդհատ ասվում է, որ ես դա կատարել եմ՝ խմբային շահերից ելնելով։ Ո՞ւմ հետ խմբային շահերից ելնելով, ո՞վ է այդ խումբը։ Այդ մասով դատարանին որևէ փաստական տվյալ չի ներկայացվել։ Ես իզուր չասացի, որ Հայաստանում արդարադատություն չկա, որովհետև ՀՔԾ պաշտոնյան իրեն թույլ է տալիս հակասահմանադրական գնահատական տալ։ Քանի դեռ չկա ՍԴ որոշում, իրավաբանը, որ գլխիվայր էլ կանգնի, չի կարող այդ ակտը համարել հակասահմանադրական։ Հիմա ՀՔԾ պաշտոնյաներն իրենց փառապանծ պետի՝ Սասունի գլխավորությամբ, որոշել են ու որոշման մեջ դա արձանագրել են, որ բանակի ներկայությունը հակասահմանադրական է։ Ինչի՞ եմ ես անընդհատ պնդում, որ սա քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե մեղադրանքի որոշում։ Մեղադրանքի մեջ մեղադրանքի հետ կապված՝ մի 10 տող բան է գրված, մնացածը քաղաքական գնահատականներ են։ Եթե ես փամփուշտ կեղծած լինեմ, բանակի կրակված փամփուշտները փոխարինած լինեի ոստիկանական պարկուճներով՝ այդ կերպ իբր հերքելով բանակի մասնակցությունը, պիտի՞ հետո դա հերքեի։ Ես հո աննորմալ չեմ՝ փոխարինեմ, հետո չհերքեմ։ Եթե մի բան անում եմ, պիտի նպատակին հասցնե՞մ, թե՞ չէ։ Այսինքն՝ եթե գնում եմ էդ կարգի հիմարության, արածիս արդյունքը պիտի լինե՞ր քրեական գործում։ Որ իբրև բանակը այնտեղ չի եղել։ Բայց ո՞վ ասաց, որ բանակն այնտեղ չի եղել»։

Լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ, ճանաչո՞ւմ եք, ի՞նչ մակարդակով եք շփվել, պատասխանել է․ «Ոչ մի հարաբերություն էլ չունեմ։ Նիկոլ Փաշինյանին՝ որպես մեղադրյալ, ներգրավել եմ ես, նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան եմ ուղարկել ես, և ոչ միայն նրա, այլև բազմաթիվ անձանց, ովքեր քրեական գործի նախաքննությամբ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ովքեր ներկայումս ստանձնել են պետական բարձր պաշտոններ։

Այստեղ շատ լուրջ խնդիր է իր համար լուծում ՀՔԾ-ն։ Պարոն արդարադատ Սասուն Խաչատրյանը, ով այդքան դաստիարակություն չունի, ոչ էլ շնորհք, որ գոնե մահվան հանգամանքների հետ կապված ամպագոռգոռ, գլխից դուրս հայտարարություններ չանի, որ հետո դրանց ձեռքը կրակը չընկնի։ Ես լսեցի, որ նա ասում էր, որ պարզել են, թե ով է սպանել զինվորական Տիգրան Աբգարյանին, և էս պարկուճների հետ արված հեքիաթը միանգամից լուծում է ևս մեկ խնդիր։ Նրանք կփորձեն իրենց ոչ ձեռնահասությունը, ինչպես նաև սպանությունները չբացահայտելու օբյեկտիվ պատճառները, թեպետ օբյեկտիվը նրանք մոռացել են, ամեն ինչ բարդել իրենց իսկ հորինած կեղծված ապացույցների վրա և մեկնաբանել, որ սպանությունները, տեսեք, չենք կարողանում բացահայտել, շատ ենք ուզում, բայց նենց են արել, որ էլ չենք կարողանում… Կներեք, ժողովուրդ ջան։ Բայց ղալաթ են արել, գլուխները պատին են տվել, որովհետև դա էլ տենց չի։ Մենք ունենք սպանության 10 դեպք։ 10-ից 3-ի մահը հաստատված հանգամանքներով վրա է հասել «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից արձակված գնդակներով, 1-ը պայթյունի արդյունքում, մեկն էլ բութ գործիքի արդյունքում։ Այսինքն՝ 10-ից 5-ի դեպքում պարկուճները բացառվեցին, որևէ կապ դրանք պարկուճների հետ չէին կարող ունենալ։ Հրազենային վնասվածք ստացել են մյուս 5-ը, որից 2-ը միջանցիկ հրազենային վնասվածքներ են, այսինքն՝ գնդակը չի հայտնաբերվել, և այն կրակող զենքի հետ հնարավոր չէ համեմատել։ Այսինքն՝ ինքնըստինքյան այս 2 մարդկանց մահվան հանգամանքն էլ պարկուճի հետ չի կարող կապվել, որովհետև առանց գնդակի՝ միայն պարկուճով ոչինչ չես կարող որոշել։ Երկուսը մահացել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված գնդակից։ ՀՔԾ-ն ինձ մեղադրում է, որ իբրև կեղծել ենք ինքնաձիգներից արձակված պարկուճները, այսինքն՝ այս 2-ն էլ բացառվեցին։ Մնաց մեկ գնդակ։ Այն էլ՝ 5.45 տրամաչափի ինքնաձիգից արձակված գնդակ է։ Չլինեմ սուբյեկտիվ, բայց 5.45 տրամաչափի ինքնաձիգներ ԶՈՒ-ում կամ չեն օգտագործվում, կամ շատ հազվադեպ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ