News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ գործերի հավատարմատար Անահիտ Հարությունյանի, շվեյցարահայ բարերար եւ գործարար Վահե Գաբրաշի, Ճարտարապետ Իռմա Ավագյանի, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր: Աննա Հակոբյանին պատմել են հուշահամալիրի կառուցման պատմությունը, այն դժվարությունները, որոնց միջոցով անցել է համայնքը մինչ բացումը եւ այն խորհուրդը, որ կրում է հուշահամալիրը:  Աննա Հակոբյանը նախ շնորհակալություն է հայտնել գործադրված ջանքերի համար եւ խոստովանել, որ տպավորված է հուշահամալիրից, քանի որ այն առանձնանում է իր տեսակով, դիզայնով եւ պատմությամբ:

Այցի հաջորդ կանգառը Ժնեւի հայկական Թոփալյան վարժարանն էր, որտեղ Աննա Հակոբյանը մասնակցել է դպրոցի սաների ավարտական հանդեսին: Վարժարանի տնօրեն, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը ներկայացրել է հայկական կիրակնօրյա դպրոցի գործունեությունը՝ հավելելով, որ ոչ միայն Ժնեւի այլեւ հարեւան Ֆրանսիայի մի շարք քաղաքների հայ մանուկները վարժարանի շնորհիվ սովորում են մայրենի լեզվով գրել եւ կարդալ:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին եւ ուսուցչական կազմին հայրենանվեր գործունեության համար, Աննա Հակոբյանը նշել է, որ վարժարանը կատարում է ամենակարեւոր առաքելությունը՝ հայ մանուկներին սովորեցնում է մայրենի լեզու եւ կապում հայրենիքի հետ:

Այցի ընթացքում Աննա Հակոբյանն այցելել է նաեւ Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ դեսպանատուն, ծանոթացել դեսպանատան առօրյային:

Այցի ավարտին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Ժնեւում տպագրվող «Արձագանք» թերթին, խոսել Հայաստանում Թավշյա հեղափոխության օրերին ունեցած իր ապրումներին, Հայաստանում կնոջ դերի բարձրացման ինչպես նաեւ իր գործունեության մասին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ