News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Տրանսպորտային նոր ցանցի ներդրմանը մինիմում 2 տարի պետք է սպասել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21–ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա հայտնեց, որ ամսվա ընթացքում 2 անգամ օգտվում է ավտոբուսից եւ երթուղային տաքսիից. «Մենք ստացել ենք այս ժառանգությունը, ուզենք թե չուզենք, սա ունենք, մենք ոչ միայն ստացել ենք ուղղակի տրանսպորտային վատ համակարգ, այլ քանդված վիճակում գտնվող համակարգ։ Նախորդ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ փոխելու են տրանսպորտային ցանցը, բայց նրանք ուղղակի ոչ միայն ճիշտ չեն իրազեկել, այլեւ տնտեսավարողներին մեսիջ են տվել, որ փոխելու են, եւ այդ մարդիկ ոչ մի լումա չեն ներդրել իրենց տրանսպորտային միջոցների մեջ։ Երթուղային տաքսիները եզրին են հասել իրենց մաշվածության առումով եւ չակերտավոր նվեր են տվել մեզ»։

Հայկ Մարությանը նշեց, որ բրիտանական ընկերությունից իրենց հարցերի պատասխանը կստանան միայն փետրվարին, որից հետո պետք է ներգրավել մեկ այլ ընկերության՝ տեսական մասն իրականի վերածելու համար, այնուհետեւ միայն կսկսեն իրացնել ծրագիրը. «Չի բացառվում, որ այն մեզ չբավարարի, որովհետեւ տեսեք՝ իրենք որպես ուղեւորահոսք վերցրել են 2014թ.–ի թվերը, իսկ հիմա 4 տարի է անցել, պետք է հասկանալ՝ արդյոք այդ թիվը համապատասխանում է այսօրվա ուղեւորահոսքին։ Հիմա այդ հարցին չեն պատասխանում, ասում են՝ ավելի ծավալուն հետազոտություն է պետք։ Ու այս թվից է կախված, թե ինչ կլինի հետո»։

Նշենք, որ բրիտանական ընկերությանը հետազոտության համար ժամանակին տրվել էր 850 հազար եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ