News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ես լուրերով իմացա, որ Կովկասյան հովազն արձագանքել է այս տարին իր անվամբ կոչելու մեր որոշմանը եւ երեւացել է, տեսախցիկ թակարդի մեջ է ընկել: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Իմացա, որ Կովկասյան հովազի վերարտադրության ու զարգացման հատուկ ծրագիր կա»,-ասաց նա եւ խնդրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանից մանրամասներ հայտնել այդ մասին:

Վերջինս հայտնեց հետեւյալը. «Չորեքշաբթի նախատեսում ենք Էմիրաթների բնապահպանության եւ կլիմայի նախարարի հետ հուշագիր ստորագրել կենդանիների բազմացման ծրագրի մասով: Նրանք շատ լավ փորձ ունեն եւ որոշ կենդանատեսակներ, որոնք վերացման եզրին են եղել, մեծ ծրագրեր են իրականացվել մասնավորապես, աֆրիկյան երկրներում: Իրենց նախարարն է առաջարկել, որ համագործակցենք:

Դրանից զատ, շատ կարեւոր են նաեւ այն միգրացիոն ուղիները, այն տարածքները, որտեղ հանդիպում է կենդանին, իսկ դա Սյունիքի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերն են, որպեսզի այնտեղ ստեղծենք բավարար պայմաններ: Կովկասյան ընձառյուծը հանդիսանալով սննդային շղթայի գագաթը, ենթադրվում է, որ բավարար էկոհամակարգ կա ձեւավորված եւ բեզոարյան այծերի, եւ մուֆլոնի, եւ այլ տեսակների»,-ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե կենդանու անունը Կովկասյան հովա՞զ է, թե Կովկասյան ընձառյուծ, ինչին նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Պատմականորեն հովա է եղել անվանումը, բայց նոր դասակարգմամբ եւ Կովկասյան ընձառյուծ են ասում, եւ պարսկական, եւ առաջավորասիական»:

«Հայկական չկա՞»,-հարցրեց Փաշինյանը եւ ստացավ պատասխան. «Կա հայկական մուֆլոն»:

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կովկասյան ընձառյուծը հանդիսանում է Եվրոպայի վերջին խոշոր կատվազգին. «Այդ կենդանին կա նաեւ Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում որեւէ տեղ չկա, Եվրոպայում ընդհանրապես չկա: Ըստ էության, կովկասյան ընձառյուծի պահպանման ծրագիրը համաեվրոպական գործառույթ է, որի մասին տեղեկացված են ԵՄ-ում եւ եվրոպական այլ կառույցներում»:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ընդհանրապես բացառվի ապօրինի որսը. «Ամանորից առաջ ապօրինի որսի մի քանի դեպք է բացահայտվել, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ բնության պահպանության հարցերում մենք առանձնակի նախանձախնդիր ենք: Իհարկե, ընթացիկ խնդիրներ կան, որտեղ թերացումներ ունենք, բայց դա առանձին կքննարկենք»:

Տպել
Ամենաշատ