News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում էապես ակտիվացել են դեպի Հայաստան Հնդկաստանի քաղաքացիների եւ, առհասարակ՝ օտարերկրացիների միգրացիայի վերաբերյալ հանրային քննարկումները: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հարկ ենք համարում շեշտել, որ ներկայումս Հայաստանում օտարերկրացիների առկայության եւ նրանց հետ կապված խնդիրները չունեն այնպիսի մասշտաբ եւ նշանակություն, որ անհրաժեշտ լիներ դրանք ներառել հայության եւ Հայաստանի ռազմավարական օրակարգում որպես կարեւոր հարց:

Նախկին ռեժիմի մնացորդներից բաղկացած 5-րդ շարասյունը, մոռացության տալով այն հանգամանքը, որ պրոբլեմն ստեղծել է հենց նախկին ռեժիմը՝ նպատակ ունենալով իր օլիգարխիկ տնտեսության համար ապահովել էժան եւ իրավազուրկ աշխատուժ, վարպետորեն օգտվում է ասպարեզում հայտնված այս թեմայից եւ, ուռճացնելով այն, փորձում է հանրային դժգոհություն ձեւավորել ներկայիս իշխանությունների նկատմամբ, պառակտել հասարակությանը եւ երկիրը տանել մեկուսացման՝ զուգահեռաբար ձգտելով մեզ շեղել ռազմավարական նշանակության հարցերից, որոնցից մեկն էլ իր չեզոքացումն է:

Զուգահեռաբար՝ նա թիրախավորում է նաեւ մեր Կուսակցությանը, քանի որ թեման արծարծողներից մեկն էլ մեր Կուսակցության անդամներից է, ով հանդես է եկել իր անձնական նախաձեռնությամբ՝ առանց Կուսակցության պատասխանատուների հետ խորհրդակցելու:

Այդուհանդերձ, քանի որ Հայաստանում օտարերկրացիների առկայության եւ նրանց հետ կապված խնդիրները դարձել են հանրային քննարկման առարկա, հարկ ենք համարում դրանց վերաբերյալ արտահայտել մեր հետեւյալ պաշտոնական տեսակետները:

Ցավալիորեն պետք է նշել, որ քննարկվող խնդիրների վերաբերյալ շրջանառվող տեսակետների մեջ առկա են նաեւ հակադիր բեւեռներ ներկայացնող ծայրահեղ դրսեւորումներ, որոնք վնասակարության իմաստով ըստ էության նույնանում են:

Այդ ծայրահեղ դրսեւորումներից մեկը պահանջում է Հայաստանի դռներն ընդհանրապես փակել օտարերկրացիների առաջ, իսկ մյուսը՝ Հայաստանը դարձնել բացարձակ բաց երկիր միգրացիոն հոսքերի համար:

Երկու տեսակետների կողմնակիցներին էլ հորդորում ենք ձեռնպահ մնալ ծայրահեղություններից, որոնք մի դեպքում ենթադրում են այլատյացություն եւ մեկուսացում, իսկ մյուս դեպքում՝ ազգայինի ու պետականության մերժում:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության համոզմամբ՝ Հայաստանի միգրացիոն ռազմավարությունը պետք է հիմնված լինի միջազգային-իրավական կարգավորումների համատեքստում ազգային անվտանգության, առաջին հերթին՝ դրա ժողովրդագրական բաղադրիչի, գերակայության վրա:

 Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է մշակի եւ իրագործի արդյունավետ կերպով վերահսկվող միգրացիոն քաղաքականություն, որը կապահովի թե արտերկրում բնակվող հայության մեծ հայրենադարձություն եւ թե օտարերկրյա պետությունների հետ տուրիզմի, գործարար ու մշակութային կապերի զարգացում եւ գիտակրթատեխնոլոգիական փոխանակում, ինչպես նաեւ օտարերկրյա որակյալ աշխատուժի ներգրավում:

Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը պետք է ըստ ամենայնի նպաստի հատկապես Իրանի եւ Հնդկաստանի հետ մեր ռազմավարական համագործակցության զարգացմանը, ուստի պետք է իսպառ զերծ լինի կրոնական, էթնիկ կամ մշակութային, մասնավորապես՝ իսլամի հետ կապված, տարբերությունների նկատմամբ անհանդուրժողականության, առավել եւս՝ ատելության, դրսեւորումներից:

Ինչ վերաբերվում է նախկին ռեժիմի որոշմամբ օլիգարխիկ-շահադիտական նկատառումներով Հնդկաստանի քաղաքացիներին տրամադրվող մուտքի արտոնագրի դյուրացված կարգի հարցին, ապա այն պետք է լուծվի վերը նշված ռազմավարությանը համապատասխան: Հայաստանը եղբայրական Հնդկաստանին պետք է ներկայացնի հարցի բարդությունն ու պրոբլեմի ծագման իրական պատմությունը եւ, փոխըմբռնման հասնելով նրա հետ՝ սահմանի Հնդկաստանից դեպի Հայաստան վերահսկելի միգրացիա եւ Հնդկաստանի քաղաքացիների իրավունքները երաշխավորող կարգ:

Միայն այսպիսի հավասարակշռված մոտեցումը կարող է ապահովել հայության եւ Հայաստանի առջեւ ծառացած հիմնական՝ արդիական ազգային ինքնության ու պետականության ձեւավորման, խնդրի լուծումը:

Տպել
Ամենաշատ