News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի կարող դիմել Ռուսաստանին՝  Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ սպանության կատարման մեջ կասկածվող՝ ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանին արտահանձնելու պահանջով, քանի որ նրա վերաբերյալ ՀՀ–ում քրեական վարույթ առկա չէ։ Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ  Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ Գուրուրյանին արտահանձնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավական հիմքերը բացակայում են։

Նշենք, որ ՀՀ քաղաքացու հանձնման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և  իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայով, որին միացել են ԱՊՀ անդամ պետությունները՝ այդ թվում Ղազախստանը և Հայաստանը։

Մինսկի կոնվենցիայի 56–րդ հոդվածի համաձայն, պայմանավորվող կողմերը պարտավորվել  են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար:

Կոնվենցիայի 57–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝  հանձնումը կարող է մերժվել, եթե հանցագործությունը, որի առիթով հանձնումը պահանջվում է, կատարվել է հարցվող պայմանավորվող կողմի տարածքում:

Հիշեցնենք, որ Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է հունվարի 9–ին Օմսկի մարզի տարածքում՝ Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցների և Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցությամբ։ Ներկայումս լուծվում է նրան Ղազախստան արտահանձնելու հարցը:

22–ամյա Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել հունվարի 3-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել երիտասարդների ծեծկռտուք, որի հետեւանքով 23-ամյա ղազախ է սպանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ