News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկացի օրենսդիրները Վաշինգթոնին կոչ են արել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար Սաուդյան Արաբիային պատասխանատվության ենթարկել եւ խոստացել են, որ Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի, եթե Թրամփի վարչակազմը դա չանի, փոխանցում է Reuters-ը:

Տասնյակից ավելի սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ներառյալ դեմոկրատներ եւ հանրապետականներ, ելույթ են ունեցել 2018 թվականին զոհված լրագրողների հիշատակի միջոցառման ժամանակ:

Դեմոկրատներն ափսոսանք են հայտնել Խաշոգջիի սպանությանը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից վճռական արձագանքի բացակայության կապակցությամբ՝ հայտարարելով, որ Սաուդյան Արաբիայի հետ ռազմավարական կամ առեւտրային հարաբերությունները չպետք է գերակայեն ժողովրդավարական արժեքներին, ինչպիսին է խոսքի ազատությունը:

Դեկտեմբերին մի քանի հանրապետականներ միացել էին դեմոկրատներին՝ նախագահին մարտահրավեր նետելու համար եւ ընդունել էին Սենատի բանաձեւ՝ կոչ անելով դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունը Եմենում պատերազմը գլխավորող Սաուդյան Արաբիային եւ գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանին մեղադրելով Խաշոգջիի սպանության մեջ:

Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին, որն աշխատում էր ամերիկյան Washington Post թերթում որպես տեսաբան և 2017 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում, անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք մուտք գործելուց հետո: Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ի գիշերը տարածել էին երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, որ, ըստ նախնական տվյալների, Խաշոգջին մահացած է, իսկ մահվան պատճառ է դարձել հյուպատոսության աշխատակիցների հետ վեճը:

Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանությունը կանխամտածված էր. լրագրողի մարմինը մասնատվել էր և ոչնչացվել գլխավոր հյուպատոսությունում նրան խեղդամահ անելուց հետո: Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջում է հանձնել հանցագործության մեղավորներին, ինչպես նաև բացահայտել Խաշոգջիի մարմնի գտնվելու վայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ