News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր՝ կիրակի, իր Facebook-ի էջում գրառում է կատարել «Նրանք սպանել են բլոգերին» խորագրով: Գրառման մեջ նա պատմել է ադրբեջանական բլոգեր Մեհման Գալանդարովի դաժան սպանության եւ երկրորդ բլոգեր՝ սպանված Գալանդարովի անվանակցի՝ Մեհման Հուսեյնովին բանտում պահելու մասին:

Ներքեւում ներկայացնում ենք ռուսական բլոգերի գրառման ամբողջական տեքստը:

«Ես գիտեմ երկու ադրբեջանական բլոգերների, երկուսի անունն էլ Մեհման է: Մեկի հետ անձամբ եմ ծանոթացել, եւ նա Մեհման Գալանդարովն է՝ գազանաբար սպանված Բաքվի Քյուրդահանի բանտում 2017 թվականի ապրիլին, եւ ես վերջին մարդն էի, ով տեսել է նրան կենդանության օրոք: Ինձ նույնպես պահում էին այդ բանտում: Այդ մասին կպատմեմ քիչ անց: Երկրորդ ադրբեջանական բլոգերը Մեհման Հուսեյնովն է, որի հետ ես ծանոթ չեմ ոչ անձամբ, ոչ վիրտուալ իրականությունում: Գիտեմ նրա մասին ԶԼՄ-ներից: Այսօր նրան պահում են Բաքվի այդ նույն բանտում շինծու մեղադրանքներով՝ այդկերպ վրեժ լուծելով նրա եղբորից՝ հայտնի լրագրող եւ իրավապաշտպան Էմին Հուսեյնովից, որն ապրում է Շվեյցարիայում:

Հանգուցյալ Մեհման Գալանդարովի հետ ես հանդիպել եմ պատահական: Ինձ պահակախմբի ուղեկցությամբ տանում էին բանտի ղեկավար Ռաշիդ Սաֆարովի մոտ: Դեմքով դեպի պատը կանգնեցրին, կողքս կանգնած էին բանտի երկու աշխատկաիցներ, իսկ երկու մետր հեռավորության վրա կանգնած էր մեկ այլ բանտարկյալ: Աչքի պոչով ես նայեցի նրան. դեմքն ինձ անծանոթ էր: Բայց տղամարդն ինձ ասաց. «Բարեւ′, Ալեքսանդր: Ես էլ եմ բլոգեր: Դու ինձ, հավանաբար, չգիտես, իսկ ես քեզ տեսել եմ հեռուստացույցով: Իմ անունը Մեհման է: Օգնիր ինձ, նրանք ինձ կսպանեն այստեղ…»: Ես նրան պատասխանեցի, որ չեմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ նրան օգնել, քանի որ ինձ եւս առեւանգել են եւ ապօրինաբար են պահում այստեղ: Այլեւս մենք չէինք կարող խոսել. բանտի աշխատակիցները կոպտորեն հրահանգեցին լռել: Միակ բանը, որ ես կարողացա անել նրա համար, նրա մասին ինձ պարբերաբար այցելող Ռուսաստանի եւ Իսրայելի դեսպանների հանդիպման ժամանակ տեղեկատվություն փոխանցելն էր: Նրանք դա ընդունեցին ի գիտություն:

Ադրբեջանական գերությունից ազատված եւ Իսրայել վերադարձած՝ ես սկսեցի փնտրել այդ մարդուն: Հարցրի որոշ ադրբեջանական ընկերներիս, եւ նրանք հայնտեցին, որ այդ մարդը Մեհման Գալանդարովն է, ադրբեջանական բլոգեր, որը դատապարտվել էր Իլհամ Ալիեւի մասին քննադատական գրառում անելու պատճառով:

Պարզվել էր, որ բլոգեր Մեհման Գալադարովը գազանաբար սպանվել էր բանտում մեր պատահական հանդիպումից ընդամենը երեք օր անց: Իշխանությունները հայտարարել էին, որ նա իբրեւ թե «կախվել է», այնպես, ինչպես եւ իմ մասին էին հայտարարում: Սակայն, ինչպես գիտենք, չորս վիժվածքներ ներխուժել էին իմ բանտախուց, ծեծել եւ խեղդել, այնուհետեւ կախել զուգարանում՝ իբրեւ ինքնասպանություն, ինչի մասին անմիջապես հաղորդել էին ալիեւյան բոլոր ԶԼՄ-ները: Այստեղ նույն պատմությունն էր: Ավելին, ինչպես հիշում ենք, ինձ Ադրբեջանի իշխանությունները ամբողջ օրը թաքցնում էին հիվանդանոցներում: Իմ փաստաբան Էդուարդ Չերնինը ոտքի էր հանել եւ′ Ռուսաստանի, եւ′ Իսրայելի դեսպանատները՝ Բաքվի բոլոր հիվանդանոցներում եւ դիահերձարաններում փնտրելով ինձ: Բանտի ղեկավար Ռաշիդ Սաֆարովը ծամծմելով պատասխանում էր նրան. «Ինքներս չգիտենք՝ ուր է անհետացել Լապշինը…»: Իմ բախտը բերել էր. ինձ գտել էին: Քյուրդահանի բանտի բարեխիղճ աշխատակիցները տեղեկացրել էին, որ ինձ վաղ առավոտյան կլինիկական մահվան վիճակում տեղափոխել էին բանտային հիվանդանոց: Սակայն երբ փաստաբանը եկել էր այնտեղ, ինձ արդեն թաքցրել էին այլ հիվանդանոցում, ընդ որում՝ ընդունարանում պնդելով, որ Լապշին ազգանունով հիվանդ չունեն:

Մեհման Գալանդարովի դեպքը շատ ավելի դաժան էր. նրան սպանել էին, այնուհետեւ գաղտնի թաղել քաղաքային գերեզմանոցում առանց հուշարձանի կամ որեւէ տեղեկատվական վահանակի: Օրեր շարունակ բարեկամներին հրաժարվում էին պատմել տեղի ունեցածի մասին: Չնայած լուրջ սկանդալի՝ Բաքվի իշխանություններին հաջողվել էր «կոծկել» գործը՝ թողնելով այն չբացահայտված: Հետաքրքիր է՝ նրանց սպանել էին միեւնույն վիժվածքնե՞րը, որոնք խեղդում էին ինձ նույն բանտում չորս ամիս անց:

Այժմ նրանք պահում են բլոգեր Մեհման Հուսեյնովին նույն բանտում, որտեղ Մեհման Գալանդարովի մարդասպաններն են: Ճիշտն ասած՝ ես վախենում են այդ երիտասարդի կյանքի համար…»,-գրել է Ալեքսանդր Լապշինը:

2016 թվականի վերջում Լապշինը բերման էր ենթարկվել Մինսկում Ադրբեջանի հայցի հիման վրա, որը ներառել էր նրան «սեւ ցուցակում» առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը բավարարել էր Ադրբեջանի հայցը եւ արտահանձնել Լապշինին: Բաքվի դատարանը Լապշինին երեք տարով ազատազրկելու վճիռ էր կայացրել: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անսպասելիորեն ստորագրել էր հրամանագիր Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Ինչպես պարզվել էր, նույն օրը բանտում Լապշինին սպանելու փորձ էր ձեռնարկվել, ընդ որում՝ Ադրբեջանի իշխանությունները ներկայացրել էին դա որպես ինքնասպանության փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ