News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նորընտիր Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունում որոշում է կայացվել ընդդիմության առաջադրած փոխխոսնակի պաշտոնում քվեարկել  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին։

Այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության փոխխոսնակի թեկնածու Լենա Նազարյանը նշեց, որ խմբակցությունում որդեգրել են մի սկզբունք, ըստ որի՝ քվեարկելիս առաջնորդվելու են ընդդիմության հավաքած ձայներով։

Լրագրողի հարցին, թե ինչու են «Իմ քայլը» դաշինքում որոշել քվեարկել ԲՀԿ–ի առաջադրած թեկնածուի օգտին, եթե ԱԺ կանոնակարգ օրենքով կամ սահմանադրությամբ սահմանված չէ, որ պետք է ընտրվի ավելի շատ ձայն հավաքած ընդդիմադիր ուժի թեկնածուն, Նազարյանն պատասխանեց. «Այո, կանոնակարգով սահմանված չէ, եւ ես կարծում եմ, որ դա դիտավորյալ է արվել նախկինում, որպեսզի մեծամասնությունը հնարավորություն ունենա տարբեր իրավիճակներում տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ընդդիմությունների հետ»։

Նրա կարծիքով՝ պետք է կանոնակարգով հստակ ձեւակերպել, որ երրորդ փոխնախագահի տեղը զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմադիր ուժը։

Նազարյանի համոզմամբ՝ թե որ ուժից պետք է լինի ընդդիմադիր փոխխոսնակը, պատասխանն արդեն իսկ տվել են ընտրողները իրենց քվեարկությամբ. «Այս հարցի պատասխանն արդեն իսկ տվել են ընտրողները իրենց քվեարկությամբ»։

Նա հիշեցրեց այն դիտարկումները, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ընդդիւմության ընտրություններ էին. «Եթե հիշում եք՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց ընդդիմության տեղը հավակնող ուժերը ասում էին, որ այս ընտրություններն ավելի շատ ընդդիմության ընտրություն է, քան իշխանության եւ քաղաքական ուժերը պայքարում էին ընդդիմության համար, հիմա ժողովուրդը որոշել է, սահմանել է, որ այս ընդդիմությունն ունի այսքան կշիռ, մյուս ընդդիմությունն՝ այնքան եւ ըստ էության մեզ ոչինչ չի մնում, քան հետեւել այդ որոշմանը»։

Հարցին՝ ինչո՞ւ չեն թողում ազատ քվեարկություն իրականացվի եւ մրցակցության պայմաններում պատգամավորները ազատ արձագանքեն իրենց դիրքորոշումը, հատկապես, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ չէին թաքցրել, որ սատարում են Մանե Թանդիլյանին, նա պատասխանեց. «Գուցե անձնապես ես էլ իմ ձայնը կտայի Մանե Թանդիլյանին, սակայն մենք մեզ համար ընտրել ենք սկզբունք եւ առաջնորդվում ենք այդ սկզբունքով»։

Նազարյանը նշեց՝ այսպիսով, իրենց չեն կարող մեղադրել սիրելի ընդդիմություն ընտրելու մեջ։

Նշենք, որ 2018թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ–ում  մեծամասնություն է ստացել «Իմ քայլը» դաշինքը` 88 տեղ, երկրորդը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, երրորդը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ