News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում ստեղծված թեժ  իրավիճակը չի հանդարտվում: Նախարարության հրամանով պաշտոնից ազատված նախկին տնօրենը չի ուզում հեռանալ։ Գայանե Կարապետյանը փոխել է մուտքի դռան կողպեքը, որպեսզի նոր տնօրենը՝ Լիլիթ Փալանջյանը, չկարողանա մուտք գործել շենք։

Թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը չի ընդունում մշակույթի նախարարության կայացրած որոշումը ՝իրեն պաշտոնից ազատելու և տնօրենի նոր՝ ժամանակավոր պաշտոնակատար  նշանակելու վերաբերյալ: Ասում է՝ որոշում կայացնելիս պետք է իրեն տեղյակ պահեին։

«Իմ՝ պաշտոնից  ազատվելու մասին նորությունը ես մամուլից եմ իմացել: Դա նորմա՞լ է: Բացի դրանից, երբ  տնօրենին ազատում են  պաշտոնից, մինչև  նոր մրցույթ  հայտարարելը նախկին տնօրենը մնում է ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այս դեպքում, ես անգամ չեմ իմացել, որ ազատվել եմ պաշտոնից»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Կարապետյանը։

Կարապետյանը պնդում է, որ մինչև այսօր չի տեսել իր հրամանը: Միայն  գիտի, որ իր փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Լիլիթ Փալանջյանին:

«Նախ, առանց  զգուշացնելու  ինձ  ազատում  են  պաշտոնից, հետո էլ  գալիս,  կողպեքն են  ջարդում ու ներս մտնում: Ու այդ  ամենն  այն  ժամանակ, երբ  մենք  թատրոնի  անձնակազմով Աշոցքում  ներկայացում էինք խաղում»,– պատմեց տիկին Կարապետյանը։

Թատրոնի դերասանուհի Մերի Հակոբյանն  ավելի վիրավորական է համարում այն, որ նորանշանակ պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը  մուտք  գործելով թատրոնի տարածք՝ ոչ թե փորձել է ծանոթանալ անձնակազմին, թատրոնի գործուենությանը, այլ սկսել է հեգնանքով խոսել դերասանների  հետ՝ իրեն վեր դասելով իրենցից:

«Մի  մարդ, ով քամահրանքով է խոսում այն կոլեկտիվի անդամերի հետ, որի ղեկավարն է լինելու, չպետք է սպասի, որ իրեն լավ կընդունեն կամ ցանկություն կունենան իր  հետ աշխատելու: Ներս մտավ ու հարցրեց՝ դուք ովքե՞ր եք: Ասացինք՝ այս թատրոնի դերասանները: Ասաց՝ գոնե դերասանական կրթություն ունե՞ք: Հիմա ի՞նչ, մենք էլ  պետք է  հարցնեի՞նք նույն ձևով, թե ինքը որտեղ է սովորել ու բարձրագույն կրթություն ունի՞ արդյոք»,– ասաց նա։

Դերասանուհին նշում է, որ սկզբում իրենք պատրաստ էին աշխատելու նոր տնօրենի հետ, և ամենևին էլ պարտադիր չէ, որ տնօրենի պաշտոնում միայն տիկին Կարապետյանը լինի: Բայց  նման վերաբերմունքից հետո  կոլեկտիվը  չի ցանկանում աշխատել Փալանջյանի հետ:

Խորեոգրաֆիայի թատրոնի դերասան Սամվել Սարգսյանը  չի  ընդունում  այն, որ  նախարարությունն  առանց  նախապես զգուշացնելու մուտք է գործել թատրոնի տարածք, և այդ քայլը որակում է որպես ներխուժում. «Կարող էին  ամեն  ինչ  անել  մարդավարի: Այդքանը: Եթե որևէ  մեկը  ուզում է թատրոնի համար մի լավ բան անել, դա  պետք է մյուսներն էլ նկատեն: Իսկ եթե  մարդն  իր տեղում չէ, ուրեմն պետք է հիշել, որ սխալ մեղուները սխալ մեղր են սարքում»:

Թատրոնի  անձնակազմին  նախարարությունը  մեղադրում է թատրոնի  սկզբնական նշանակությունից ու նպատակներից շեղվելու մեջ: Ըստ  կանոնադրության՝ թատրոնը  բալետային է, ոչ թե մյուզիքլային, ինչպես հիմա: Թատրոնի անձնակազմն էլ նշում  է, որ մյուզիքլը աշխարհում պահանջված ժանր է, և իրենք ամեն ինչ անում են այն Հայաստանում ևս  զարգացնելու համար: 

Գայանե Կարապետյանը  չի հասկանում, թե ինչու են հանկարծ սկսել  հետաքրքրվել Խորեոգրաֆիայի թատրոնով: Ամիսներ առաջ  նա  անձամբ  դիմել է  նախարարին ու փոխնախարարին՝  թատրոնի խնդիրների լուծմանն աջակցելու խնդրանքով, բայց արձագանգ չի ստացել. «Հիմա հանկարծ որոշել են տնօրեն փոխել: Պայմանները, որտեղ մենք ստեղծագործում ենք, նկարագրել էլ հնարավոր չէ: Լուսավորողը տանիքի  վրայով է բարձրանում ներս, որ տեղադրի լույսերը, հետո իջնի խցիկ՝ կառավարելու: Տեղ  չկա նույնիսկ, որ դերասաններն իրենց հագուստը փոխեն ու բեմ բարձրանան: Ու ասում են, թե  պետք է բալետային ներկայացումներ բեմադրեն այստեղ: Բեմի վրա  նորմալ քայլել անգամ  չի լինում, ուր մնաց՝ բալետ պարել»:

Հանդիսատեսի  մուտքի համար նախատեսված հատվածն էլ է անմխիթար վիճակում: Տիկին Կարապետյանը նշում է, որ տանիքն այնքան խարխուլ է, որ ամեն պահի կարող է փլվել: Նախկին տնօրենն այն դեպքում կհասկանար նախարարության քայլը, եթե թատրոնը վերանորոգելու որոշում կայացվեր:

Թատրոնի  տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը հերքում է, թե ինքը որևէ բացասական վերաբերմունք է ցույց տվել  թատրոնի դերասանների նկատմամբ: «Քանի որ մինչ իմ այցը ինձ որևէ հաստիքացուցակ չէր տրամադրվել, ես  անձնակազմի  անդամներին  պարզապես հարցրի՝ իրենք  դերասաննե՞ր են  և  ունե՞ն  աշխատանքային  պայմանագրեր: Մեր միջև կոնֆլիկտ չի եղել: Ավելին ասեմ՝ մենք իրար  բարեկամաբար հրաժեշտ ենք տվել»,– ասաց նա NEWS.am-ի հետ զրույցում։

Գայանե Կարապետյանը նշում է, որ ինքն արդեն դիմել է փաստաբանների, քանի որ նախարարությունն իրավական խախտումներ է արել, հանձին փոխնախարար Նազենի Ղարիբյանի: Նախկին տնօրենը  հուսով է, որ խնդրի  հանգուցալուծումը կլինի հօգուտ թատրոնի: 

Նոր տնօրենը փաստորեն միայն մեկ անգամ է եղել շենքում, հիմա աշխատանքը սկսելու իմաստ չի տեսնում, մինչև նախկին տնօրենի հարցը նախարարությունը չլուծի։

Տպել
Ամենաշատ