News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի , հունվարի 22-ին, ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը Ռուսաստանում 66,36 ռուբլի է կազմել։ Չորեքշաբթի օրվա համար ՌԴ կենտրոնական բանկի կողմից որոշված արժեքը մի քիչ բարձր է՝ 66,55 ռուբլի։

Կանցնի՞ արդյոք Ռուսաստանում ԱՄՆ դոլարի արժեքը 70-ի սահմանը։ Նախադեպը եղել է 2015թ․ դեկտեմբերի կեսից մինչեւ 2016թ․ մարտն ընկած ժամանակահատվածում։ Այն ժամանակ 2016թ․ հունվարի 22-ին գրանցվել էր ռեկորդային մակարդակ՝ 83,6 ռուբլի՝ 1 դոլարի համար։ Նշենք, որ հենց այդ օրերին էտալոնային Brent նավթի օրական միջին արժեքն ընկել էր մինչեւ վերջին տարիների համար ռեկորդային ցածր մակարդակի՝ 28,22 դոլար՝ բարելի համար (2016թ․ հունվարի 19)։ Այժմ Brent-ի մեկ բարելի գինն անցնում է 60 դոլարից։

Նավթի գները զգալիորեն գերազանցում են Ռուսաստանի դաշնային բյուջեում նախատեսված գինը եւ ՌԴ ԿԲ-ին հնարավորությունն են տալիս մանեւրել ԱՄՆ դոլարի արժեքի հարցում։ Հիշեցնենք, որ 2017թ․ բյուջեում ռուսական արտահանվող առաջատար Urals նավթի բազային գինը հաստատվել էր 40 դոլարի մակարդակի վրա՝ հաջորդ տարիներին 2 տոկոս ինդեքսացիայով։

Անցյալ տարի նույնիսկ հակասական պատկեր էր դիտարկվում։ Նավթի համաշխարհային գների աճի ֆոնին դոլարը Ռուսաստանում ամրապնդվում էր։ Հարաբերակցությունը զուտ խորհրդանշական էր՝ 0,1, ընդ որում՝ դրական, թեեւ տրամաբանորեն պետք է բացասական լիներ։ Անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր նավթի գները տառացիորեն փլվեցին, սակայն Ռուսաստանում ԱՄՆ դոլարի վրա դա այնքան էլ չանդրադարձավ (գրաֆիկ)։

Ռուսաստանի արտաքին առեւտուրը բնութագրվում է ավանդական ավելցուկով։ Այսպես, վերջին հրապարակված տվյալներով՝ անցյալ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին դրական սալդոն կազմել է 157 մլրդ դոլար։ Ընդ որում՝ ծավալով արտահանումը գերազանցել է ներկրմանը մոտ 1,8 անգամ։ Արտարժույթի լրացուցիչ հոսքը դրական արդյունքներ ունի։ Ռուսաստանի միջազգային պաշարները դրական արդյունքներ ունեն, հունվարի 1-ի դրությամբ մեկ տարվա ընթացքում աճել են 8,3 տոկոսով՝ հասնելով 468,5 միլիարդի։

Սրա հետ մեկտեղ, անցյալ տարի Ռուսաստանից մաքուր կապիտալի արտահոսքը աճել է 2,7 անգամ՝ հասնելով 67,5 մլրդ դոլարի։ Արտաքին առեւտրում ԱՄՆ դոլարից ազգային արժույթին անցնելու Ռուսաստանի ջանքերն առայժմ տեսանելի գործնական արդյունքներ չեն տվել։ Դոլարը միջազգային առեւտրում, այդ թվում՝ Ռուսաստանի համար, մնում է առաջատար արժույթ։

Ռուսաստանից արտահանումը նախկինի պես դիվերսիֆիկացված չէ, եւ նրա կառուցվածքում անհավասարակշռությունները նույնիսկ չեն մեծացել։ Հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ նավթի (այդ թվում՝ նավթամթերքների) եւ գազի մասնաբաժինը արտահանման մեջ մեկ տարվա ընթացքում աճել է 4,1 տոկոսով՝ հասնելով 72 տոկոսի։ Այս տեղաշարժերը հիմնականում պայմանավորված են համաշխարհային շուկայում նավթի թանկացմամբ։

Սակայն, անցյալ տարվա համար դրական կարելի է համարել այն, որ ռուբլու վերաբերյալ առավել հոռետեսական կանխատեսումներն, այնուամենայնիվ, չիրականացան։ Ճիշտ է, ապրիլի 11-ից դոլարի արժեքը տեղափոխվեց 60-70 ռուբլու միջակայք, սակայն դա հեռու է «100 ռուբլի՝ 1 դոլարի համար» կանխատեսումից, որ արել էին առանձին մասնագետներ։

Որոշ փորձագետների կարծիքով, առաջիկա ամիսներին շատ բան կկանխորոշվի հենց արտաքին գործոններով։ Ասենք, կլինեն արդյոք ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ, եւ ինչպիսի։ «Ամենակոշտ» տարբերակի դեպքում հնարավոր են այնպիսի արմատական միջոցներ, ինչպես օրինակ՝ միջազգային միջբանկային համակարգից (SWIFT) վճարումների կատարման անջատումը։ Այդ դեպքում, նույն փորձագետների կանխատեսումներով, այս տարվա դեկտեմբերին հնարավոր է ԱՄՆ դոլարի կողմից 70 ռուբլու հոգեբանական սահմանի հաղթահարումը։ Հավելենք, որ պատժամիջոցների հարցը կպարզվի առաջիկա ամիսներին։

Բոլորը տեղյակ են, որ Հայաստանի տնտեսությունը, ինչպես նաեւ մեր երկրի տասնյակ հազարավոր ընտանիքներ շահագրգռված են ԱՄՆ դոլարի հանդեպ ռուսական ռուբլու ամրապնդմամբ։ «Թույլ» ռուբլին խոչընդոտում է Ռուսաստանում հայկական ապրանքների լայն սպառման համար, ինչպես նաեւ բացասաբար է անդրադառնում այդ երկրից Հայաստան մասնավոր դրամական միջոցների փոխանցման վրա։

Ստորեւ բերված գրաֆիկում երեւում է Ռուսաստանում ԱՄՆ դոլարի արժեքի եւ այնտեղից Հայաստանի ֆիզիկական անձանց փոխանցումների (ԱՄՆ դոլարով եւ ՌԴ ռուբլով) կապը։ Անցյալ տարվա ամեն ամիսը բերվում է տոկոսներով՝ համեմատած դրա նախորդ տարվա նույն ամսվա հետ։

Սմբատ Գրիգորյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ