News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով-Արեւելյան Եվրոպա միության եւ գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով-Արեւելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը հանձնաժողովի անունից ողջունել է ՀՀ վարչապետին Գերմանիայում եւ նշել. «Շնորհավորում ենք Ձեզ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի եւ հստակ մանդատի կապակցությամբ, որը Ձեզ տվել է Հայաստանի ժողովուրդը: Մենք ողջունում ենք բարեփոխումների Ձեր ծրագիրը:

Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան: Այսօր ստորագրելու ենք Մտադրությունների մասին հուշագիր, որը հենց վերաբերում է Հայաստանի առաջնահերթություններից մեկին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

Հայաստանը նաեւ շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է եւ’ Եվրոպական միությանը, եւ’ Եվրասիական տնտեսական միությանը: Դա բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը»:

Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար` վարչապետ Փաշինյանը կարեւորել է գերմանական տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը եւ ներկայացրել Հայաստանի տնտեսական օրակարգը: «Մեր առաջիկա օրակարգի կարեւոր հատվածը հենց տնտեսությանն է վերաբերում, որովհետեւ քաղաքական փոփոխությունները տնտեսական փոփոխությունների հնարավորություններ են ստեղծել: Մենք ցանկանում ենք Հայաստանի տնտեսության կառուցվածքում լուրջ փոփոխություններ անել. նախատեսում ենք հանքարդյունաբերության ոլորտում մեր չափանիշները բարձրացնել եւ տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով-Արեւելյան Եվրոպա միության եւ գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչություն ունեցող ոլորտները` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա, ջրամբարաշինություն, սննդի վերամշակում, տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերություն, գինեգործություն եւ այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` այսօր Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ ներդրումներ իրականացնելու ցանկության դեպքում որեւէ խոչընդոտ լինի, եւ չկա սեփականության վերաբաշխման որեւէ օրինակ. քաղաքական փոփոխություններից հետո սրանք տնտեսական ամենակարեւոր արձանագրումներն են: «Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված եւ պաշտպանված է: Մեր ուղերձը հետեւյալն է` դուք ազատված եք բոլոր հնարավոր կոռուպցիոն պարտավորություններից, որ եղել են նախկինում: Բոլոր ներդրողների նկատմամբ ունենք նույն վերաբերմունքը եւ ասում ենք` եկեք Հայաստան, ներդրումներ արեք, հարստացեք եւ հարստացրեք», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Քննարկվել են տարբեր` այդ թվում նաեւ ՏՏ, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, աղբահանության, փոխադրումների բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:

Գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ վերջին շրջանում հաճախ այցելել են Հայաստան եւ կարող են արձանագրել` մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները դրական մթնոլորտ են ձեւավորել Հայաստանի շուրջ. բարձրացել է ՀՀ ներդրումային գրավչությունը, մեծացել է օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածությունը երկրում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծվող հնարավորությունների նկատմամբ:

Համագործակցության հնարավորությունների շուրջ մտքերի փոխանակության ամփոփման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումներ ծավալել եւ գերմանական տնտեսական պատվիրակության` ապրիլին կայանալիք այցից առաջ ուրվագծել կոնկրետ ուղղություններ եւ ծրագրեր, որոնց շուրջ արդեն Հայաստանում առարկայական քննարկում կլինի:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր` տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան եւ գերմանական բիզնես ասոցիացիաների միջեւ համագործակցության վերաբերյալ: Այն ստորագրել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը եւ ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով-Արեւելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը: Հուշագրով նախատեսվում է խորացնել ՏՏ բնագավառում փոխգործակցությունը, սերտացնել ոլորտի ընկերությունների միջեւ կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր: Փաստաթղթի համաձայն` կողմերը կհամագործակցեն նաեւ Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում:

Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ