News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վարկանիշը դա մի բան է, որը դու պետք է օգտագործես ի բարօրություն քո ժողովրդի: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հանրային վայրերում ծխելն արգելելու նախաձեռնությունից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարկանիշը կարող է ընկնել:

«Քաղաքական գործչի համար դա ամենակարեւորն է: Եթե դու այդ վարկանիշը պահել ես ուղղակի տուն տանելու համար, այդ վարկանիշը ոչ մեկին պետք չէ: Ես էլ ինչ-որ վարկանիշ ունեմ եւ այո, ես միանում եմ Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը, իմ վարկանիշն էլ թող ինչ-որ չափով տուժի: Բայց իմ երեխան, եթե մտնում է ինչ-որ մի սրճարան, պետք է զերծ մնա կողքի սեղանին նստած անձի ծխախոտի ծխից»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ ծխողների եւ չծխողների սրահների առանձնացումը չի համարում ամբողջական լուծում. «Նախ, օդափոխության համակարգը շատ վատն է, երկրորդ, ես ինքս չծխող եմ եւ միշտ չէ, որ այդ սրահներում տեղ է լինում, եւ ստիպված եմ լինում նստել այնտեղ, որտեղ մարդիկ ծխում են: Հավատացեք, չծխող մարդու համար դա ամենատհաճ բաներից մեկն է» Ծխող մարդը չի հասկանում, թե որքան տհաճություն է պատճառում կողքը նստած չծխող մարդկանց»:

Դիտարկմանը, որ չծխողներն ավելի քիչ են եւ ծխողների իրավունքների պաշտպանության հարցն է ծագում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ներողություն եմ խնդրում, ի՞նչ իրավունքների մասին է խոսքը: Նախեւառաջ, մարդն առողջ ապրելու իրավունք ունի: Ծխող մարդը կարող է գնալ եւ ինչ-որ տեղ ծխել, բայց նա չպետք է ծխի իմ, իմ երեխայի, իմ ընտանիքի հաշվին: Ամբողջ աշխարհում կա մի կարեւոր միտում, մարդու իրավունքների առումով ավելի զարգացած երկրներում մարդիկ գնալով հրաժարվում են ծխախոտի օգտագործումից: Օրինակ, ԱՄՆ-ում նույնիսկ փողոցում չի կարելի ծխել: Ես չեմ կարծում, որ մեր օրենսդրական նախաձեռնությունն այնքան խիստ կլինի, բայց հարցն արդիական է: Մենք քաղցկեղի քանակով բավականին բարձր ցուցանիշներ ունենք, էլ չեմ ասում տարբեր սրտային հիվանդությունների հետ կապված: Այո, ես կարծում եմ՝ նախաձեռնությունը լավն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ