
«Վանաձոր» ՔԿՀ-ում արդեն ավելի քան 30 ժամ առանց դատարանի համապատասխան որոշման՝ ապօրինի կալանքի տակ են պահում իմ ամբաստանյալ Արթուր Մանուչարյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Գուրգեն Հարությունյանը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Իմ պաշտպանյալ Արթուր Մանուչարյանին կալանքի տակ պահելու որոշումը 72 ժամվա ընթացքում վերահաստատելու դատարանի որոշում չկա, Վանաձոր ՔԿՀ-ից ազատ չի արձակվում, և շարունակում են ապօրինի տակ պահել նրան, իսկ ինձ մեղադրում են ապատեղեկատվություն տարածելու մեջ:
Տիգրան Վահրադյանի գործով Վճռաբեկ դատարանը նշել է.
«Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեադատավարական օրենքում ամրագրված նման կարգավորումը կհակասի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասին և կոպտորեն կխախտի անձի ազատության իրավունքը, եթե հետախուզման մեջ գտնվող անձի ի հայտ գալուց հետո նա անհապաղ դատարանի առջև չներկայացվի:
31. Սույն որոշման նախորդ կետում Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը հիմնվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա: Այսպես, անդրադառնալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառմանը՝ Եվրոպական դատարանը Լադենտն ընդդեմ Լեհաստանի գործով վճռում նշել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը չի նախատեսում որևէ հնարավոր բացառություն այն պահանջից, որ անձը ձերբակալվելիս կամ կալանավորվելիս պետք է բերվի դատավորի կամ այլ պաշտոնյայի մոտ (Ladent v. Poland, 2008թ., գանգատ N 11036/03, կետ 75)»:
Պարոն Արտակ Հովհաննիսյան, Լադենտն ընդդեմ Լեհաստանի գործով, դիմումատուի նկատմամբ կալանքն ընտրված է եղել ոչ թե մինչդատական վարույթում (նախաքննության փուլում), այլ հենց դատաքննության ընթացքում, ինչպես Արթուր Մանուչարյանի դեպքում:
Հետևաբար ինչքան շուտ կիրառեք ստորև նշված նորմը, այնքան քիչ վնաս կպատճառվի Արթուր Մանուչարյանին և Հայաստանի Հանրապետությանը:
Քրեական դատավարության օրենսգրքի 141 հոդված
«Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի պարտականությունները.
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է`
…10) անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց»: