
Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրությունը դրական քայլ կլիներ, երկրի այս շրջաններում պետք է վերականգվի Դամասկոսի վերահսկողությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Սիրիայի գագաթաժողովից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ, թե երկրի հյուսիսարեւելյան շրջաններից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի ծրագրերն ինչպես կազդեն Սիրիայի իրավիճակի հետագա զարգացմանը: Մեր ընդհանուր կարծիքով, նման քայլերի իրականացումը դրական քայլ կլիներ, որը կնպաստեր այս տարածաշրջանում Սիրիայի իրավիճակի կայունացմանը, որտեղ վերջնականապես պետք է վերականգնվի օրինական կառավարության վերահսկողությունը», - բանակցություններից հետո ասել է Պուտինը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը չպետք է ազատագրված տարածքներում իշխանության վակուումին եւ այնտեղ ահաբեկիչների գերիշխանությանը հանգեցնի: «Մենք նաեւ գնահատական ենք տվել Միացյալ Նահանգների որոշմանը, որոնք մտադիր են զորքերը դուրս բերել Սիրիայից: Պարոն (ԱՄՆ Նախագահ Դոնալդ) Թրամփի որոշումը մեծ նշանակություն ունի: Զորքերի դուրսբերման գործընթացը չպետք է հանգեցնի իշխանության վակուումին», - ասել է Էրդողանը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Թեհրանը մտահոգված է Եփրատի արեւելյան շրջանի տարածքներից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցի վերաբերյալ հստակության բացակայությամբ: «Ինչ վերաբերում է Արեւելյան Եփրատին, ապա այստեղ կան ամերիկացիներ, եւ մենք մտահոգված ենք, որ նրանք այս տարածաշրջանում Սիրիայի համար երկարատեւ դավադրություն են մշակել, մենք դեռ նման մտահոգություն ունենք», - ասել է Ռոհանին: