News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Վարդանաշեն համայնքի մշակույթի տունը վերջին տասը տարիներին շահագործման ենթակա չէ, այն վերածվել է ավերակների կույտի, պատերը քայքայված են, պատուհանների ապակիները կոտրված են, իսկ երբեմնի գրադարանի հատակին գրքերը մաշվել ու բորբոսնել են:

Վարդանաշեն համայնքի բնակիչ Հակոբ Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած մշակույթի տունը փակ է, սակայն ունի գրանցած աշխատող՝  տնօրեն. «Սրա վրա ակումբի վարիչ ա գրանցված, ստանում ա ամսական 85 հազար դրամ աշխատավարձ, եղել են ժամանակներ, որ և´ պահակ ա եղել, և´ գրադարանավար ա եղել: Մոտավորապես տարին 1 մլն 100 հազար դրամ գումար ա դուրս գալիս գյուղապետարանի բյուջեից։ Եթե դա խնայեին, ծախս կանեին, չէին թողնի, որ էս վիճակին հասներ: Սայլը ձիուց առաջ են դրել»,- ասաց Հակոբ Վարդանյանը:

Գյուղացիները պատմեցին, որ տարիներ առաջ գյուղի երեխաները մարտարվեստով են զբաղվել կիսաքանդ շինությունում, սակայն վերջին տարիներին դա ևս անհնար է դարձել, եւ նրանք գնում են հարևան գյուղեր: Տարեցներն էլ հիշեցին, որ մշակույթի տանը շախմատ ու շաշկի էին խաղում․ Վարդանաշենը հայտնի էր ուժեղ շախմատիստներով:

Մշակույթի տան հետնամասում կառուցված է լճակ և ըստ նրանց՝ այն խարխլում է մշակույթի տան հիմքերը, շենքը խոնավանում է և ստեղծում վթարային վիճակ:

Գյուղացիները պնդում են, որ մշակույթի տունը վերջնականապես փլուզվել է վերջին տասը տարիներին՝ գյուղապետ Արթուր Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում, որը չորս ամիս առաջ հրաժարական էր ներկայացրել, իսկ փետրվարի 18-ի ՏԻՄ ընտրություններում կրկին ընտրվել է գյուղապետի պաշտոնում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ