News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եթե ռուսական լրատվամիջոցները, ավելի ճիշտ պետական հեռուստաալիքները, ինչն ավելի վատ է, ռեպորտաժներ են հեռարձակել Հայաստանի տարածքում մայդանի զինյալների պատրաստման մասին նրանց հետագայում Ռուսաստան ուղարկելու նպատակով, ապա դա վկայում է այն մասին, որ մենք լուրջ խնդիրներ ունենք հայ-ռուսական հարաբերություններում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս  մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով, եթե ներկայիս իշխանությունները չեն կարողանում նման հարցերը կարգավորել կառավարությունների կամ հատուկ դիվանագիտական միջոցների մակարդակով եւ այս ամենը հայտնվում է մամուլում, ապա ակնհայտ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն վիճակում չեն:

«Մեր ղեկավարությունը, ԱԳ նախարարությունը շատ անելիքներ ունեն՝ չնայած այն հայտարություններին, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, գունազարդ եւ ուղղակի հրաշալի: Կա լուրջ բացթողում եւ նրանք պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այդ հարցի վրա, որպեսզի գոնե ինչ-որ պաշտոնական հերքում կամ գոնե մեկնաբանություն տան», - ասաց պատգամավորը:

Ընդ որում Գորիգիսյանը նկատեց, որ հայ-ռուսական հարաբերությունները բխում են ոչ միայն Երեւանի, այլեւ Մոսկվայի շահերից, քանի որ դրանք փոխշահավետ են եւ դա պետք է գիտակցեն նաեւ Կրեմլում:

Ճիշտ է, պատգամավորը նկատեց, որ հայկական կողմն էլ պետք է ջանքեր գործադրի, որպեսզի ռուսական կողմին ցուցադրի  իր շահագրգռվածությունը:

Նա նկատեց, որ Հայաստանն այն երկիրն է, որին Մոսկվայում միշտ կարող էին ապավինել, հատկապես, եթե խոսքն իր շահերի պաշտպանության մասին էր միջազգային կառույցների եւ կազմակերպությունների մակարդակով:

«Հայաստանն այն երկիրն է, որտեղ Ռուսաստանն ունի իր ռազմական բազան եւ ընդ որում դրա համար ոչ մի կոպեկ չի վճարում», - ընդգծեց կուսակցության ներկայացուցիչը, որը մշտապես կողմ էր ԵՏՄ-ից հանրապետության դուրս գալուն:

«Լուսավոր Հայաստանից» պատգամավորի կարծիքով՝ հանրապետության ղեկավարությունը՝ որպես ռազմավարական գործընկեր, իրավունք ունի համարժեք վերաբերմունք պահանջել իր հանդեպ:

«Իսկ եթե մենք ՌԴ-ի ռազմավարական գործընկերը չենք, ապա որքան շուտ արձանագրենք այդ փաստը եւ սկսենք դրանից ելնելով գործել, իմ կարծիքով, այնքան լավ: Իսկ եթե մենք, այնուամենայնիվ ռազմավարական գործընկերներ ենք, ապա ես կարծում եմ, որ նման սադրիչ ոճը ոչ ոքին պատիվ չի բերում», -ասաց Գորգիսյանը՝ հայտնի դարձած տեղեկատվությանը Մոսկվայի արձագանքը չափազանց սուր անվանելով:

Հիշեցնենք, որ «Russia Today» պետական միջազգային բազմալեզու հեռուստաալիքը հետաքննություն էր անցկացրել  Երեւանում ԱՄՆ Կոնգրեսի միջոցներով կազմակերպված «CampCamp – 2018» սեմինարի մասին:

«Վրեմյա» հաղորդման փետրվարի 12-ի ռեպորտաժում  նշվել էր, որ  «ամերիկյան փողերով ինչ-որ կազմակերպություն Երեւանում սեմինար է կազմակերպել, որտեղ ռուս երիտասարդությանը սովորեցրել է հեղափոխություն անել, այսինքն զանգվածային անկարգությունների կազմակերպում՝ հանուն ժողովրդավարության իդելաների եւ իշխանության տապալման:

Հաղորդվել էր, որ սեմինարին մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հեղափոխության առանցքային դերակատարները: Նման բնույթի նյութեր հեռարձակվել են նաեւ անցյալ շաբաթ «Ռոսիա 1» պետական հեռուստաալիքի եթերում ( «Վեստի վ սուբոտու» եւ «Վեստի նեդելի» հաղորդումների ժամանակ. «Ռոսիա ՌՏՌ» հեռուստաալիքի միջազգային տարբերակը  ազգային հաճախականությամբ վերահեռարձակվում է ողջ Հայաստանի տարածքով: Թեման ռուսական կենտրոնական հեռուստաալիքներում քաղաքական թոք շոուներում քննարկման առիթ էր դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ