News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որը հայտարարել էր, որ առաջադրվելու է ԱՄՆ նախագահի թեկնածու 2020 թվականի ընտրություններում, ասել է, որ չի ճանաչում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին այդ երկրի լեգիտիմ նախագահ։ Այս մասին նա ասել է Univision հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հաղորդավարը Սանդերսին հարցրել է՝ արդյո՞ք նա Խուան Գուայդոյին համարում է Վենեսուելայի լեգիտիմ նախագահ։ «Ոչ,- պատասխանել է սենատորը,- ես կարծում եմ, որ լուրջ հարցեր կան վերջին (նախագահական) ընտրությունների (Վենեսուելայում) հետ կապված, եւ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարծում են, որ դրանք ընթացել են խարդախություններով։ Եվ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է աշխատի միջազգային հանրության հետ, որպեսզի Վենեսուելայում անցկացվեն ազատ եւ ազնիվ ընտրություններ»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Սանդերսի տեսակետով՝ Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է չլքի պաշտոնը, այլ անցկացնի «ազնիվ եւ ազատ ընտրություններ», որոնք կորոշեն՝ կմնա՞ նա արդյոք իշխանության ղեկին։

Սանդերսը, որը պաշտոնապես համարվում է անկախ սենատոր, այս շաբաթվա սկզբին ասել էր, որ մտադիր է գալիք տարվա աշնանը կայանալիք ընտրություններում առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից։ Նա ուշադրությունը սեւեռում է ԱՄՆ-ում առկա սոցիալական անհավասարության, կրթության եւ առողջապահության ոլորտների լուրջ խնդիրների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ