News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել ԻՐՆԱ տեղեկատվական գործակալությանը եւ խոսել երկու երկրների պատմական կապերի ու երկկողմ հարաբերությունների ընդլայնման մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան, էլեկտրաէներգիան եւ զբոսաշրջությունը։

Այս տարի լրանում է Իրանի եւ Հայաստանի միջեւ  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28 տարին։ Ինչպե՞ս եք գնահատում բարեկամ երկու երկրների միջեւ ներկայիս հարաբերությունները։

Որոշակիորեն դրական։ Ավելին, բազմադարյա բարեկամությունը մեր երկրների միջեւ միջմշակութային երկխոսության եւ տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների գոյակցության լավ օրինակ է, ինչը նույնպես կարեւոր գործոն է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Հենց այդ բազմադարյա ամուր կապերի վրա է հիմնված մեր համագործակցությունը, փոխըմբռնման եւ փոխշահավետության սկզբունքների վրա։

Իրանի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության մի մասն են, եւ մենք հավատարիմ ենք մեր բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ կա չօգտագործված ներուժ, մանավանդ առեւտրատնտեսական ոլորտում։ Համոզված եմ, որ շփումները տարբեր մակարդակներում նույնպես նպաստում են այդ ներուժի իրականացմանն ուղղված քայլերի պարզաբանմանը։

Նշեք Իրանի եւ Հայաստանի միջեւ ավելի ամուր եւ ավելի ընդլայնված կապերի հիմնական ոլորտները (տնտեսական, մշակութային, արդյունաբերական, քաղաքական եւ այլն)։

Մեր համագործակցության բոլոր ոլորտներում կա մեծ ներուժ, եւ այն պետք է օգտագործել առավելագույնս արդյունավետ։

Մասնավորապես, անհրաժեշտ է նախաձեռնել առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանը եւ այդ ոլորտում առկա հնարավորությունների լիարժեք օգտագործմանն ուղղված քայլեր։ Էներգետիկական ոլորտը, իհարկե, մեծ ներուժ ունի զարգացման համար։ Այս բնագավառում մենք լուրջ համատեղ նախագծեր ունենք, այնպիսին, ինչպիսին են գազ/էլեկտրաէներգիա փոխանակումը, Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդագծի անցկացումը։ Շարունակվում են բանակցությունները Մեղրիի հէկի նախագծի շուրջ, որը վերջերս վավերացվեց Իրանի Մեջլիսի կողմից։ Քննարկվում են նաեւ մի շարք այլ նախագծեր։
Ինչպես արդեն նշեցի, ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի առեւտրատնտեսական համագործակցության համար։ Առաջիկա ամիսներին անհրաժեշտ կլինեն լուրջ նախապատրաստություններ այս առումով։

Որպես կարեւոր ուղղություն ես կցանկանայի առանձնացնել մշակույթի ոլորտում համագործակցությունը: Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում այնպիսի հարցեր են, ինչպիսին են գրքերի հրատարակությունը, կինոարտադրությունը, պատմամշակութային հուշարձանների վերականգնումը եւ պահպանումը, թանգարանային եւ գրադարանային գործը:

Մենք նաեւ համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Ինչպես գիտեք, Իրանի ջանքերի շնորհիվ Սբ. Թադեոս եւ Սբ Ստեփանոս վանքերի համալիրները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Հայաստանը Երեւանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու հայտ է ներկայացրել: Այժմ իրանական կողմի հետ համատեղ աշխատանք է տարվում, եւ որոշ ճշգրտումներից հետո այն կներկայացվի պատշաճ կերպով:

Մշակութային կարեւոր իրադարձություն էր Իրանի ազգային թանգարանում «Հայաստանը եւ Իրանը. հողի հիշողություն» ցուցահանդեսի անցկացումը, որտեղ ներկայացվել էին Հայաստանի պատմության թանգարանի եզակի ցուցանմուշներ:

Դուք գիտեք, որ Հայաստանում անցկացվում է  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ փառատոնի ընթացքում, որպես կանոն,  ակտիվորեն ներկայացվում են իրանցի ռեժիսորներ Աբբաս Կիարոստամիի, Ասգար Ֆարհադիի եւ մյուսների ֆիլմերը: Ի դեպ, վերջինս նաեւ գլխավորել է «Ոսկե ծիրան» 15-րդ փառատոնի ժյուրին, իսկ նրա «Նադիրի եւ Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը «Արտասահմանյան խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

Վերոնշյալ եւ նման այլ ծրագրերը լավ հնարավորություն են տալիս հայ եւ իրանցի ժողովուրդներին միմյանց եւ մշակույթների հետ ծանոթանալու համար:

Իրանը որոշ երկրներ մեքենաներ, ինժեներական ծառայություններ եւ այլ արդյունաբերական ապրանքներ է արտահանում: Կան նաեւ մեքենաշինության ոլորտում համատեղ ծրագրեր տարածաշրջանի մի քանի երկրների հետ: Այսպիսով, ինչ եք կարծում կարո՞ղ են արդյոք Հայաստանը եւ Իրանը համագործակցել մեքենաշինության ոլորտում եւ այլ արդյունաբերական բնագավառներում:

Պետք է արձանագրեմ, որ Հայաստանի կառավարությունը ամեն կերպ աջակցում է արտասահմանյան, այդ թվում իրանական ներդրումային նախագծերի իրականացմանը: Հայաստանը, իհարկե, ունի բավարար տեխնիկական, տնտեսական եւ մասնագիտական ներուժ նշված ոլորտներում համագործակցության համար:

Վերջերս՝ 2018 թ. դեկտեմբերին Հայաստանում երրորդ խոշոր քաղաում՝ Վանաձորում բացվեց գազի բալոնների արտադրության հայ-իրանական համատեղ ձեռնարկությունը: Գործարանի հիմնադիրները հավաստիացնում են, որ արտադրությունը առաջիկայում կսկսվի:

Իրանցի ներդրողները կարող են իրենց հայ գործընկերների եւ համապատասխան կազմակերպությունների հետ քննարկել իրենց ապագա ծրագրերը, եւ Հայաստանի պետական մարմինները միշտ պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել:

Ինչպե՞ս եք գնահատում զբոսաշրջության ոլորտում հետագա երկկողմ համագործակցությունը:

Գիտեք, յուրաքանչյուր երկիր աշխարհին ներկայանում է իր պատմությամբ, մշակույթով եւ ավանդույթներով: Ակնհայտ է, որ զբոսաշրջությունը օգնում է, որ մեր ժողովուրդները ճանաչեն միմյանց պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով, հոգեւոր եւ կրոնական արժեքներով, գիտության եւ տեխնիկայի ձեռքբերումներով: Զբոսաշրության զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից մեկն է եւ մենք մեծ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու համար:

2016 թվականին վիզային ռեժիմի չեղարկումից հետո զգալիորեն ավելացել է Հայաստան եկող իրանցի զբոսաշրջիկների թիվը։ Նրանց թվաքանակը հատկապես մեծ է Իրանի Նոր տարվա՝ Նովրուզի օրերին։ Այդ օրերին նախաձեռնվում են իրանցի զբոսաշրջիկների անվտանգության ապահովման  հատուկ միջոցառումներ, եւ գործում է 911 ծառայությունը պարսկերենով։ Կարծում եմ, որ զբոսաշրջությունը հեռանկարային ոլորտ է, եւ ցուցանիշներն այս ոլորտում աճի միտում ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ