News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի եւ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր:

Ներկայացնելով արդեն իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է աղքատության հաղթահարումը, որի առաջնային պայմաններից է ընտանեկան նպաստի գործող համակարգի ամբողջական վերափոխումը:

«Ընտանեկան նպաստի գործող համակարգը բազմագործոն է եւ բազմաբաղադրիչ: Այն վերափոխելու համար հարկավոր է օգտագործել արդեն իսկ փորձարկված ու կիրառված գործիքներ ու մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ունենալու ամբողջական վերլուծություն եւ համապարփակ պատկեր», – ասել է նախարարի տեղակալը:

Անդրադառնալով մեկնարկող աշխատանքներին՝ Անդրեասյանը նշել է, որ առաջին հերթին պետք է հստակեցնել համակարգի թիրախներն ու նպատակները, հասկանալ ինչպիսի ծրագրեր կան եւ քարտեզագրել դրանք: Մշակվող քաղաքականությունը միայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մենաշնորհը չէ. սա ենթադրում է տարբեր գերատեսչությունների ջանքերի համատեղում եւ տարբեր քաղաքականությունների համաձայնեցում:

Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում հայտնել են իրենց պատրաստակամությունն ու աջակցությունը՝  իրականացվող գործընթացին մասնակից լինելու եւ իրենց փորձառությունը կիսելու: Նրանք ներկայացրել են արդեն մշակված այն գործիքակազմը, չափորոշիչներն ու մոնիթորինգային համակարգը, որը թույլ կտա բարեփոխել ոչ միայն ընտանեկան նպաստի համակարգը, այլեւ՝ գործող միջոց դառնալ զբաղվածության, ժողովրդագրության եւ այլ ոլորտներում իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու համար:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության եւ պատրաստակամության համար՝ Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ համատեղելով բոլորի ջանքերն ու կարողությունները, մոտ ժամանակներում կունենանք ոլորտի փաստարկված քաղաքականություն եւ կարձանագրենք իրական արդյունքներ:

Տպել
Ամենաշատ