News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրն արձանագրեց  ռուս-թուրքական ագրեսիայի միջոցով Հայաստանի Հանրապետությունը զավթելու, նրա տարածքը մասնատելու եւ նրան անկախությունից զրկելու հետեւանքները: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում .

«Այդ պայմանագրով եւ նրա լեգիտիմացման նպատակով 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը կոչված էր բացառելու հայոց  պետականության, հայկական սուբյեկտի վերածնունդը:

Այդ ճարտարապետությունը դարձավ այն հենքը, որի վրա կառուցվեց Հայաստանի Հանրապետության իրավազուրկ պետականակերպ մնացորդը՝  Խորհրդային Հայաստանը գաղութացնելու, ինչպես նաեւ հայության լայն շերտերին Ռուսական կայսրության ազդեցության տակ պահելու կառավարման համակարգը:

Ըստ էության՝ 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը` դրանից ածանցյալ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հետ միասին, հայության վերջնական հայրենազրկման եւ Հայոց պետականության բացառման հավաստագիր է, ուստի դրանցով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը վերանայելը պետք է դառնա մեր այսօրվա պետության կայացման մեկնակետը:

Դրանք միջազգային իրավունքին հակասող ակտեր են եւ իրականության մեջ իրավական ուժ չունեն, մինչդեռ Հայաստանի սուբյեկտության, տարածքի եւ սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերը, այդ թվում եւ առաջին հերթին՝ 1920 թ. օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագիրը եւ Վիլսոնյան իրավարար վճիռը, լեգիտիմ միջազգային-իրավական ակտեր են եւ պետք է հիմք ու ճանապարհ դառնան Հայաստանի վերջնական ապագաղութացման ու դեօկուպացիայի համար:

Այս գործընթացն արդեն սկսվել է ԽՍՀՄ լուծարմամբ եւ Արցախի մի մասի նկատմամբ հայկական իրավազորության հաստատմամբ:

Մարզի կարգավիճակով Արցախի ներառումը ՀՀ կազմի մեջ, ապա նաեւ ՀՀ նկատմամբ ռազմական ագրեսիայի պլացդարմի վերածված Նախիջեւանի հարցի լուծումը, նույնպես պետք է ի կատար ածվի այդ ապօրինի պայմանագրերի միջազգային-իրավաքաղաքական գնահատականի եւ դրանից բխող գործընթացների համատեքստում, ինչը նաեւ կամրագրի տարածաշրջանի հակահայ ճարտարապետության կազմալուծման հերթական փուլը:

Միեւնույն ժամանակ՝ այս համատեքստում Հայաստանի սուբյեկտության, նրա տարածքի ու սահմանների վերաբերյալ իրավապատշաճ ակտերի կատարումը բավարար միջազգային-իրավական ռեսուրս է գոյացնելու մեր ազգային անվտանգության ապահովման եւ պետության կայացման համար:

Համոզված ենք, որ միայն նշված ազգային ռազմավարությամբ հնարավորություն կստեղծվի Հայաստանի սուբյեկտության, տարածքի ու սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերին համապատասխան սկիզբ դնելու տարածաշրջանի նոր՝ հայանպաստ ճարտարապետության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել