News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թափառող կենդանիների խնդրին լուծում տալու գործում քաղաքային իշխանությունների քաղաքականությունն այսօր արդեն իրագործվում է: Երեւանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման եւ ստերջացման ծրագիրը:

«Յուրաքանչյուր օր մենք բավականին մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել եւ քայլ առ քայլ եկել ենք նրան, որ կարողացանք սկսել թափառող կենդանիների վնասազերծման ծրագիրը: Ընտրվել է քաղաքակիրթ, առաջադեմ աշխարհի եւ անասնաբուժական միջազգային կազմակերպության փորձին համապատասխան լավագույն սցենարը՝ կենդանիներ որսալու, ստերջացնելու եւ համայնք վերադարձնելու», - նշում է Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր դրա մաս ենք կազմում, եւ բոլոր կենդանապաշտպան կազմակերպություններն իրենց ուժերի ներածին չափով պետք է աջակցեն, մոտ լինեն եւ կարողանան թե հանրային վերահսկողության տեսանկյունից, եւ թե անմիջական աշխատանքով օգտակար լինել»,- ասում է «Փրո Փոուզ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Գործընթացն առավել վերահսկելի ու թափանցիկ իրականացնելու պատասխանատվությունն ստանձնեց Երեւան համայնքը: Թափառող շներն այլեւս բիզնես չեն լինելու. քաղաքապետարանն ստեղծեց կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը:

«Այս կամ այն կազմակերպությունը, որը բիզնես շահ է հետապնդում, մշտապես կարող է փոխել իր գործունեության տեսակը, եւ մեր ծրագիրը կարող է վտանգվել: Ունենալով սեփական ենթակառուցվածք՝ մենք կունենանք ծրագիր, որի շնորհիվ մի քանի տարվա ընթացքում քաղաքն ուղղակի այլեւս չի ունենա թափառող շներ»,- նկատում է Խաչիկ Հակոբյանը:

«Այս օրինակը, որը Երեւանի քաղաքապետարանն է այսօր ի դեմս Երեւանի քաղաքապետի ցույց տվել, պետք է լինի վարակիչ եւ, այլ  փոքր քաղաքների ու համայնքների համար:

Մինչեւ համայնքային կլինիկայի կառուցումը՝ գործընթացն այսօր իրականացվում է Երեւանի կենդանաբանական այգու կլինիկայում:

«Մեր համայնքապատկան տարածքի վրա կստեղծենք մեր կլինիկան, կլինեն համապատասխան կացարանային պայմաններ, որտեղ կենդանիների նախավիրահատական եւ հետվիրահատական խնամք կիրականացվի: Այս պահին  օրհասական գնահատելով խնդիրը, քանի որ մեր հանրությանն անհանգստություն են պատճառում թափառող շները՝ մենք զուգահեռաբար սկսեցինք աշխատանքները՝ համայնքի ենթակայության այլ ՀՈԱԿ-ի հետ համագործակցելով»,- նշում է բնապահպանության վարչության պետը: 

«Կլինիկան դուրս է կենդանաբանական այգու տարածքից եւ որեւիցե վտանգ չի սպառնում կենդանաբանական այգում բնակվող կենդանիներին: Հայտարարված է կարանտին, ինչպես տեսնում եք, ամբողջ տարածքը սահմանափակված է այլ անձանց մուտք գործելու համար»,- ասում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Փողոցում այս  տարբերանշանով կենդանիներ հանդիպելիս կարող եք հանգիստ լինել՝ կենդանին ստերջացված է ու վարակազերծված, իսկ դա ազդում է նաեւ նրա վարքագծի վրա:

«Յուրաքանչյուր ականջին նշան ունեցող շունիկ այսուհետեւ լինելու է ոչ միայն անվտանգ, այլեւ այն ստերջացումը, որն ապահովված է կենդանու համար, այլեւս թույլ չի տալու, որպեսզի նա բեղմնավորվի, իսկ անվտանգ շունը կարողանալու է պահպանել իր տարածքը եւ թույլ չտալ այլ կենդանիների մուտքը: Սպանդից հետո  կենդանատեսակը կրկնակի արագ է բազմանում, եւ տեսակը դառնում է ավելի ագրեսիվ»,- նշում է Նարե Արամյանը:

Համայնքային կենտրոնը, համագործակցելով ոլորտի մասնագետների եւ մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի եւ կիրականացնի թափառող  կենդանիների  հիմնախնդիրների  լուծման տարաբնույթ ծրագրեր: Գործընթացը կներառի նաեւ Երեւանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման եւ խնամքի ապահովում:

«Քաղաքապետարանի «թեժ գծով» ստացված բոլոր ահազանգերն անմիջապես փոխանցվում են կենտրոնին, եւ կարծում եմ, որ մենք հետագայում կքննարկենք եւ կենտրոնն արդեն կունենա իր առանձին «թեժ գիծը», որով հանրությունը կկարողանա իր մտահոգությունները, իր ահազանգերն ուղղել՝ թափառող կենդանիների հետ կապված»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:

Կատարված ուսումնասիրությունների համաձայն, մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Անտուն շների քանակը վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է, տեսակն էլ դարձել ավելի ագրեսիվ: Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը կամ 75 տոկոսը:

Տպել
Ամենաշատ