News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերբիայում հետազոտողները հայտնաբերել են երկու նամակ՝ գրված Նիկոլա Տեսլայի կողմից: Այդ մասին հայտնել են «Ադլիգատ» պատմամշակութային կազմակերպության ներկայացուցիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դրանք գրված են 1934 թվականի դեկտեմբերին եւ հասցեագրված Նյու Յորքում Հարավսլավիայի թագավորության գլխավոր հյուպատոս Ռադոե Յանկովիչին: Իր ուղերձում Տեսլան գրում էր ծնունդով սերբ ֆիզիկոս եւ գյուտարար Միխայիլ Պուպինի մասին:

Ավելի վաղ պատմաբանները գտնում էին, որ Տեսլայի եւ Պուպինի հարաբերությունները կոնֆլիկտային էին, եւ տարիներ շարունակ նրանք չէին շփվում միմյանց հետ: Հաճախ ներքաղաքական բանավեճերում նրանց տարաձայնությունները հիշատակվում են որպես բարդ սերբական ազգային բնավորության մասին վկայություն: Սակայն հայտնաբերված նամակներում Տեսլան գրել է Պուպինի մասին հարգանքով:

«Նամակները մեծապես փոխում են այդ երկու գիտնականների հարաբերությունների հանրահայտ պատմությունը եւ հաստատում են Տեսլայի եւ Պուպինի հաշտության փաստը վերջինիս մահվան նախօրեին: Պարզ է դառնում, որ նամակը գրելու պահին՝ Պուպինի մահից երեք ամիս առաջ, գիտնականների միջեւ կոնֆլիկտ չկար. նրանք ցանկանում էին միայն հնարավորինս արագ հանդիպել»,-պատմել է «Ադլիգատի» հիմնադիր Վիկտոր Լազիչը: Հետազոտողները չեն նշում ինչպես եւ որտեղ են հայտնաբերվել նամակները, եւ տանո՞ւմ է դա արդյոք դեպի «Տեսլայի արխիվը», որը որոնում են տասնամյակներ շարունակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ