News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը

Չեմ կարող չասել` ինձ հիացնում է մարդու տոկունությունը, որն անօրինական կալանքի տակ է հայտնվել ոմանց չկայացած հավակնությունների քմահաճույքով և անազատության մեջ շարունակում է ապրել ու աշխատել գրեթե սովորական ռեժիմով։ Այս մասին Sputnik Արմենիա գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանը։

«Չեմ կարող չասել` ինձ հիացնում է մարդու տոկունությունը, որն անօրինական կալանքի տակ է հայտնվել ոմանց չկայացած հավակնությունների քմահաճույքով և անազատության մեջ շարունակում է ապրել ու աշխատել գրեթե սովորական ռեժիմով։

Ռոբերտի բացակայության պայմաններում շատ հարազատ ու չափազանց անհրաժեշտ է դարձել նրա գիրքը։ Իրադարձությունների այս հորձանուտում շատ տեղին էր գիրքը, որը դարձավ անցյալի օբյեկտիվ վկա»,- նշել է Բելլա Քոչարյանը։

Նա պատմել է, որ շաբաթը մեկ Ռոբերտ Քոչարյանին այցելում են ընտանիքի անդամները։

«Նա սովորականի պես առույգ է և էներգիայով լի, թեև կարոտում է, հատկապես` թոռնիկներին։ Բայց նա նախանձելի տոկունություն ունի։ Անկեղծ ասած` նա է մեզ բարոյապես աջակցում, ոչ թե մենք նրան»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանի տիկինը։

Նրա խոսքերով, իր գրքում Քոչարյանն անկեղծացել է անհնարինության աստիճան՝ ցույց տալով ուրիշների աչքից իր հաճախ թաքնված ներքին բովանդակությունը։

«Իմ կարծիքով` դա ոչ միայն պետության նախկին ղեկավարի ինքնակենսագրություն է, այլ Արցախի ու Հայաստանի բարդ ու հերոսական տարիների, մեր նորագույն պատմության տարեգրությունը։ Վստահ եմ, որ մեր թոռները միշտ հպարտանալու են իրենց պապով, «Կյանք ու ազատությունը» կդառնա նրանց սեղանի գիրքը»,- նշել է նա։

«Ներկան լի է անհեթեթությամբ, բայց չի կոտրել մեր ընտանիքի համերաշխությունը։ Երեխաները լավ հասկանում են` ինչ է այսօր տեղի ունենում երկրում։ Պետական քարոզչության մակարդակի հասցված բամբասանքներ, հանապազօրյա խնդիրներ լուծելիս անտեղի պաթոս, ամբոխահաճ հռետորություն, այլ կարծիք ունեցողների հանդեպ չհիմնավորված մեղադրանքներ, իրենց պարտված անցյալի փլատակների տակ մնացած մարդկանց խեղկատակություն. ահա թե ինչ ունենք այսօր»,- հայտարարել է Բելլա Քոչարյանը։

«Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չեն կասկածել Ռոբերտի իրավացիության մեջ, ովքեր մեր ծանր րոպեներին աջակցել ու շարունակում են աջակցել մեզ ընկերական ժպիտով, բարի խոսքով, հեռախոսազանգով և արարքով։ Անչափ շնորհակալ եմ, իմ սիրելի մարդիկ»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել