News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 1֊ից ավտոգազը կիլոգրամով վաճառելու հետևանքով սպառողը չի տուժի։ Այսօր՝ մարտի 18֊ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեցին «Անհատ տաքսի վարորդների պաշտպանություն» ՀԿ նախագահ Մխիթար Օհանյանը եւ «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը:

Ըստ Տիգրանյանի՝ եթե նախկինում՝ ծավալով վաճառքի դեպքում, հնարավոր էր լիցքավորման ժամանակ ճնշման միջոցով խաբել վարորդին, կիլոգրամի դեպքում դա բացառվում է։

«Գազալցակայաններում տեղադրված սարքավորումները ևս հաշվարկում են կիլոգրամով, այնուհետև աշտարակների վրա համապատասխան գործակցի միջոցով փոխարինվում է խորանարդ մետրի»,– ասաց նա։

Մխիթար Օհանյանը ևս կողմ է կիլոգրամով վաճառքին. «Մեկ խորանարդ մետրի դիմաց վճարվելու է 2 դրամ 60 լումա ավելի, բայց արդյունքում ավելի ճշգիրտ լիցքավորում կլինի»։

Ըստ բանախոսների՝ այս փոփոխությունից հետ գազի գնի վերջնական որոշողները գազալցակայանի սեփականատերերը կլինեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ի նիստում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ ապրիլի 1–ից Հայաստանի ավտոգազալցկայաններում գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը հաշվարկվի ծավալով։ Այս փոփոխությունը բացատրվում է ավտոգազալցակայաններում մեքենաները լիցքավորելիս ծավալի փոփոխության հաշվին գազի թերակշռման ռիսկը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ։ Նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ. «Այդ տարբերությունը կապված է խտության հետ: Հիմա գազը լցնում են ըստ ճնշման: Այսինքն՝ նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ: Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ