News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Այն, որ իշխանությունների կողմից դատավորներին այլեւս չեն զանգում եւ չեն հրահանգում, բավարար չէ դատական համակարգի լիարժեք անկախության համար, բայց անհրաժեշտ պայման է։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դատական համակարգի անկախության ապահովման ուղղությամբ կատարվող բարեփոխումների մասին հարցին։

«Այն, որ իշխանությունների կողմից դատավորներին չեն զանգում, բավարար չէ դատական համակարգի բարեփոխման եւ նրա լիարժեք անկախության համար, բայց անհրաժեշտ պայման է, քանի որ առանց դրա հնարավոր չէ անկախ դատական համակարգ ունենալ։ Եթե մենք դա իրականում երաշխավորենք, դատական համակարգի ներսում պրոցեսներ կսկսեն, որոնք արդյունքում կբերեն իրապես դատական համակարգի անկախացման»,– նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ կան իշխանական օղակներ, որոնք կարող են միջամտել դատական համակարգին, բայց այդ մասով ապացույցներ դեռ չունի. «Մենք պետք է այդ հարցին շատ բազմակողմ  նայենք. երբ երկրի ղեկավարը դադարում է դատարանին հրահանգ տալ, եւ դատական համակարգը սովոր է այդ շրջանակում աշխատել, առաջանում է վակուում։ Ես  երբեմն ստացել եւ ստանում եմ տեղեկություններ, որոնց հեղինակներն ինձ հավաստիացրել են, որ դուք չեք միջամտում, բայց իշխանության մեջ կան օղակներ, որոնք հնարավոր է՝ միջամտություններ թույլ են տալիս։ Իհարկե, ես բոլոր նման դեպքերին արագ արձագանքում եմ՝ հասկանալու համար՝ կա՞ արդյոք նման բան, թե՞ չկա։ Ապացույցներ այս պահին չունեմ, որ նման բան եղել է, որ պահին ապացույցներ կունենամ, այդ մարմնի ղեկավարը տեղում կազատվի աշխատանքից»։

Վարչապետը համոզված չէ նաեւ, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները չեն օգտագործում իրենց կապերը դատական համակարգի վրա ազդելու համար. «Երբ ասում ենք՝ նախկինում իշխանության կողմից հրահանգ է գնացել, դա կոնկրետ անձանց միջոցով է եղել, հիմա այդ մարդիկ ունեն նույն հեռախոսահամարները, նույն WhatsApp-երը, նույն Facebook-երը կամ նույն ուղիները, որոնցով այդ հրահանգները տալիս էին, ընդ որում՝ կան մարդիկ, որոնք կառավարական կապ ունեն, օրենքով սահմանված կարգով հասնում է դա իրենց, հարցը հետեւյալն է՝ արդյոք այդ ուղիներն օգտագործվո՞ւմ են դատական համակարգի վրա ազդելու համար, ես, օրինակ, վստահ չեմ, 100 տոկոսով համոզված չեմ»։

 Փաշինյանը չի պնդում, որ դատական համակարգում իսպառ վերացել է կաշառքը. «Հաջորդ հարցը կաշառքն է։ Արդյոք այսօր մեր դատական համակարգում կաշառք կա՞։ Ես 100 տոկոսով չեմ կարող այս հարցին բացասական պատասխանել։ Եթե մեր երկրներում տեսնում եք հարկային մարմիններում, զինկոմիսարիատներում, այլ մարմիններում մարդիկ են ձերբակալվում կաշառքի դեպքեր կան, ձերբակալություններ են տեղի ունենում,  100 տոկոսով ասել, որ դատական համակարգում կաշառք չկա, ես ցավոք չեմ կարող ասել, չնայած 100 տոկոսով կարող եմ ասել, որ մենք բոլոր միջոցները ձեռնարկում ենք դա կանխելու, բացահայտելու եւ գործողություններ անելու համար»։

Նա շեշտեց՝ ՀՀ դատական համակարգը պետք է համապատասխանեցնել եվրոպական եւ միջազգային չափանիշներին. «Եթե այս երեք ուղիները մենք փակենք, դատական համակարգը կդառնա շատ անկախ, բայց մենք չենք թողում բարձիթողի եւ մենք խնդիր ունենք մեր դատական համակարգը բերել եվրոպական եւ համաշխարհային ստանդարտի։ Սա է նաեւ պատճառը, որ մենք կարեւորում ենք ԵՄ–ի հետ դատական համակարգում համագործակցության հետագա զարգացումը։ Մենք վճռական ենք այս հարցում, որեւէ մեկը թող չմտածի, թե մենք որեւէ պահի կարող ենք մտածել՝ դե լավ, դատական համակարգը կարող ենք օգտագործել մեր քաղաքական նպատակների համար։ Չի լինի նման բան, անձամբ ես բացառում եմ դա»։

Լրագրողի արձագանքին, թե արդյոք այդ երեք ուղղություններով աշխատանքներ տարվո՞ւմ են, վարչապետը պատասխանեց. «Մենք արդեն արել ենք գործողություններ։ Կառավարության նախորդ նիստերից մեկում մենք դատավորների սոցիալական երաշխիքներին ուղղված  գործողություններ արեցին։ Հիմա նոր օրենքների մշակման գործընթաց է տեղի ունենում, քննարկվում է դատական համակարգի բեռնաթափման հետ կապված խնդիրը, որովհետեւ երբեմն մենք գործ ունենք ոչ թե դատավորի դիտավորյալ անարդար որոշման հետ, այլ դատավորը այնքան ծանրաբեռնված է եղել անհամար դատական գործերով եւ ժամկետներով էլ սահմանափակված է, շատ դեպքերում նա կարող է չկարողանալ որակը ապահովել։ Հետեւաբար, դատարանների բեռնաթափումը, դատական գործերի պատվիրակումը այլ մարմիններին շատ կարեւոր է։ Օրինակ, կա գաղափար պարզ մի շարք գործերի լուծումը պատվիրակել նոտարներին։ Դատարանների շենքային պայմանները եւս շատ կարեւոր են, թե դատավորը ինչ տեխնիկայով է աշխատում»։

Փաշինյանը եզրափակեց ՝ դատական համակարգի անկախության ապահովումը կարեւոր խնդիր է կառավարության համար. «Մենք պետք է գնանք մինչեւ վերջ եւ ունենանք անկախ դատական համակարգ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ