News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում օրենսդրությունը այնպիսին է, որ հանգիստ կարելի է զբաղվել օրինական վաշխառությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարեկեցիկ հայեր» նախաձեռնության ղեկավար Էռնեստ Ղազարյանը։

«Պարզվում է՝ վարչապետը իրականում տեղյակ չէ, որ հանրապետությունում տրամադրվում են վարկեր, որոնց փաստացի տոկոսադրույքը հարյուր կամ մի քանի հարյուր տոկոսի է հասնում։ Տպավորություն կար, որ ԿԲ նախագահն ու փոխվարչապետը կառավարության նիստին ամեն ինչ անում էին, որ թերի զեկուցեն վարչապետին, լիարժեք պատկերը չներկայացնեն եւ արագ անցնեն այլ թեմաների»,- նշեց նա:

Էռնեստ Ղազարյանը թվարկեց վարկավորման խնդիրները՝ դիմելով վարչապետին․

«Հատուկ պարոն վարչապետի համար՝

1. Վարկային կազմակերպությունները այսօր տրամադրում են վարկեր կամ փոխառություններ, որոնց փաստացի տոկոսադրույքը տարեկան հասնում է մեկ կամ մի քանի հարյուր տոկոսի: Փաստացի տոկոսադրույք նշանակում է, որ անվանական տոկոսադրույքին ավելանում են սպասարկման, կոմիսիոն, կանխիկացման, տրամադրման եւ այլ մտացածին ծառայությունների համար վճարներ:

Արդյունքում մարդը կարող է վերցնել երեք հարյուր հազար դրամ վարկ եւ մեկ տարվա համար ստիպված լինի հետ վճարել մեկ միլիոն դրամ:

2. Գրավատները «դաժանությամբ» զիջում են վարկային կազմակերպություններին եւ զբաղեցնում են երկրորդ «պատվավոր» հորիզոնականը: Իրենց մոտ, որպես, կանոն տարեկան հարյուր տոկոսը չի գերազանցում:

3. Ոլորտում օրենսդրությունը այնպիսին է, որ հանգիստ կարելի է զբաղվել օրինական վաշխառությամբ: Բնական է, որ այն գրվել է նախորդ իշխանությունների կողմից եւ իրենց համար: Քրեական օրենսգրքով նախատեսված վաշխառության հիմքում վարկի անվանական տոկոսն է, որն այս դեպքում հանգիստ շրջանցվում է:

Գոյություն ունի նաեւ 2008թ.-ին ընդունված «Սպառողական կրեդիտավորման» մասին ՀՀ օրենքը, որով պարզապես սահմանված է փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձեւը եւ վարկառուին պարտադիր ծանուցելու պահանջը, սակայն առավելագույն շեմի սահմանափակում չկա:

4. Այս վարկատեսակների «առավելությունն» այն է, որ դրանք տրամադրվում են շատ արագ, առանց երկար փաստաթղթային քաշքշուկների:

Դրանցից օգտվում են մարդիկ, որոնք գտնվում են խիստ կարիքի մեջ տվյալ պահին, որոնց ինչ-ինչ պատճառներով գումարը հարկավոր է շատ հրատապ: Աղքատության եւ գործազրկության այս պայմաններում նման մարդիկ շատ կան Հայաստանում:

Սա նման է անապատում ջուր վաճառելուն, իսկ նման բիզնեսի տերերը պատահական մարդիկ չեն լինում:

ԿԲ նախագահ Ջավադյանը նիստի ժամանակ թեթեւակի նշեց, որ վաղ անցյալում առաջարկել են կառավարությանը սահամափակել տոկոսադրույքների վերին սահմանաչափը, բայց վերջիններս ընթացք չեն տվել:

Հարց է առաջանում՝ «բա հիմա ինչի՞ չեք առաջարկում, հիմա էլ հո Կառավարությունը մտահոգված է ժողովրդի ճակատագրով, հիմա էլ հո չկան բիզնեսմեն պաշտոնյաներ»: Բոլորն էլ աշխատավարձով են ապրում, մեկ-մեկ էլ պարգեւավճար են ստանում: Փոխվարչապետ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ վարչարարությամբ այս հարցը չարժի լուծել:

Բա էլ ի՞նչ պիտի անեն ժողովրդի հանդեպ, որ իմաստ ունենա վարչարարությամբ միջամտելը:

Պարոն Փաշինյան ջան, պարզեք Ձեր համար, թե տնտեսական թեւի այս ղեկավարներին որքանո՞վ է հետաքրքրում տնտեսական հեղափոխության հեռանկարը»:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ գրավատներում տոկոսադրույքները հասնում են 80, 100 եւ անգամ 120 տոկոսի, որին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե մամուլի հրապարակումներից այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ընկել է խեղճուկրակ լոմբարդների հետեւից եւ ուզում է խեղդել փոքր ու միջին բիզնեսը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ