News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն եւ ինտեգրում, հայապահպանություն եւ համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձեւավորում եւ սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Այս մասին, տեսակապով Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը:

Նրա խոսքով, Գրասենյակը համակարգելու է մյուս 12 նախարարությունների սփյուռքի հետ տարվող աշխատանքը, մշակելու ենք հայապահպանության համապարփակ ռազմավարություն:

«Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի պաշտոնը եզակի պաշտոն է լինելու: Գրասենյակն առաջին անգամ պատմության մեջ գրասենյակը դառնալու է կամուրջ Հայաստանի եւ համայնքների միջեւ: Այս փոփոխությունները կատարվել են հաշվի առնելով նաեւ սփյուռքի նախարարությոն բացթողումները, թերությունները: Փորձ է արվել ձեւավորել կառավարման գործիք:

Բովանդակային առումով՝ օրակարգը մենք չենք թելադրելու, այն ձեւավորվելու է քննարկումների միջոցով: Պահպանելու ենք նախարարության դրական փորձը: Նոր ձեւավորվող գրասենյակի հիմնական գործառույթը  սփյուռքի հետ աշխատանքի ռազմավարության մշակումն է, իհարկե քննարկելով սփյուռքի ներկայացուցիչների, փորձագետների, մասնագետների հետ», - նշեց Տեր Գրիգորյանը եւ հավելեց, որ գրասենյակի հայեցակարգը մշակման փուլում է, եւ հենց հայեցակարգից էլ կբխեն կառույցի ռազմավարությունն ու օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունները:

Լրագրողների այն մտահոգությանը, որ սփյուռքահայերի մեծամասնությունը կազմակերպված համայնքային կյանքին չեն մասնակցում, ընդգրկված չեն կառույցներում, Բաբկեն Տեր Գրիգորյանը պատասխանեց, որ գրասենյակը նպատակ ունի եւ պատրաստ է աշխատել բոլորի հետ հավասար ու հավելեց. «Սփյուռքը բազմազան եւ բազմաշերտ է, այն համաշխարհային ցանց է, որը բաղկացած է կազմակերպություններից եւ անհատներից, որոնք պետք է թիրախավորվեն եւ նրանց հետ աշխատենք:

Սփյուռքի ներուժը ներկայացված է նաեւ անհատներով, որ պիտի լինեն մեր գործունեության տիրույթում: Սփյուռքի հետ աշխատանքում մենք կարեւորում ենք արդյունավետ համագործակցությունը, բայց ոչ միջամտությունը: Հանձնակատարի գործառույթներից մեկն էլ մոտիկից ծանոթանալն է համայնք...

Հանձնակատարի գործառույթներից մեկն էլ մոտիկից ծանոթանալն է համայնքում առկա խնդիրներին ու փորձել աջակցել դրանց լուծմանը: Եվ վերջում ուզում եմ շեշտել, որ գրասենյակը կշարունակի  մնալ սփյուռքահայի տունը Հայաստանում, եւ կա հասցե, որը պահպանվելու է: Հույս ունեմ, որ ձեզ կտեսնենք արդեն գրասենյակում»:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Հունգարիայի «Արմենիա» ամսագրի խմբագիր Սոսի Սուսանին, Աթենքի «Հայ կեանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Աբասյանը,  Աթենքի Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար, «Թեթրադիա» հունարեն հայկական ամսագրի հրատարակիչ Հովսեփ Քասեսեանը, Հունաստանի «Նոր աշխարհ» շաբաթաթերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը, «Հայաստան» մշակույթի կենտրոնի «Հայաստան» շաբաթաթերթի հիմնադիր Մինաս Հովհաննիսյանը, Լատվիայի «Հավատք» հայկական միության խորհրդի «Հավատք» ամսագրի գլխավոր խմբագիր Սպարտակ Տեր-Ավետիսյանը, Կիպրոսի հայկական ռադիոժամի խոսնակ Նայիրի Մուրադեանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ կայքի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, Բուլղարիայի «Երեւան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքպաշյանը, ՍԴՀԿ Հունաստանի ներկայացուցիչ Մհեր Քոսակյանը, Ֆրանսիայի «Հայկական նորություններ» լրատվական կայքի փոխխմբագիր Գրիգոր Ամիրզայանը, Ֆրանսիայի «Նոր Յառաջ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Վատիկանի ռադիոյի հայկական մասի տնօրեն Ռոբերտ Աթթարյանը, Նիդերլանդների «Նիդերլանդական օրագիր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աշոտ Կնյազյանը,  Բելգիայի «Լրագիր» թերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը,  Փարիզի  «InfoArmenie» հեռուստատեսային կայքի խմբագիր Նարե Թադեւոսյանը, «Ռադիո Արմենի» լրատվամիջոցի վարչության ներկայացուցիչ  Հիլդա Չոբոյեանը, «Եվրոպայի հայերի համագումար»-ի նախագահ, կառույցի տեղեկատվական կայքի խմբագիր Կարո Հակոբյանը, Իսպանիայի «Լոս Արմենիոս» կայքի պատասխանատու, Կատալոնիայի «Արարատ» ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Հակոբյանը:

Տպել
Ամենաշատ