News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ մարտի 22-ի արտահերթ նիստում քննարկում է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսում է այդ նպատակով մրցույթ հայտարարել:

Հարցը ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այս որոշման նպատակը ավտոկայանատեղիների գործունեության արդյունավետության բարձրացումն է եւ ներդրումների ներգրավումը:

«Երեւանի փոքր կենտրոնը ավտոմեքենաների կայանումից ազատելու եւ ստացիոնար ավտոկայանատեղեր ապահովելու նպատակով Ազատության հրապարակի տարածքում կառուցվել է ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի՝ շուրջ 500 մեքենայի համար: Ներկայումս ավտոկայանատեղիների կազմակերպումն այստեղ իրականացնում է «Երեւանտրանս» ընկերությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին 5 տարիների ցուցանիշները ցույց են տալիս, որ ավտոկայանատեղին գործում է թերբեռնված, հատկապես ձմռան ամիսներին, տեսահսկման համակարգն ունի արդիականացման անհրաժեշտություն:

«Այս ծրագրով նախատեսվում է ներդնել մուտքի եւ ելքի ավտոմատ կառավարման համակարգ, նաեւ կատարել վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է թարմացնել լուսավորության համակարգը: Նաեւ կգործեն երկարաժամկետ օգտագործման փաթեթներ»,-ասաց Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ ավտոկայանատեղի վճարը հաստատվում է Երեւանի ավագանու կողմից ամեն տարվա համար. դա տեղական վճար է: Այս պահին գործող սակագներն են, մեկ ժամվա համար 200 դրամ, մեկ ամսվա համար՝ 20 հազար դրամ: Հավատարմագրային կառավարիչը չի կարող փոխել գործունեության տեսակը, պարզապես կարող է այլ գործունեություն ծավալել եւ շահույթ ստանալ:

Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ, մրցույթին իրավունք ունեն մասնակցել այն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք, անշարժ գույքի հավատարմագրային կառավարման ոլորտում ունեն առնվազն երեք տարվա փորձ եւ

վերջին երեք տարվա ընթացքում ունեն տարեկան միջին հաշվարկային առնվազն 3 մլն դրամի շրջանառություն:

Որոշումով սահմանվում են մրցույթի հաղթողին որոշելու նպատակով հետեւյալ էական պայմանները.

1) Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հավատարմագրային կառավարչի գործունեությունից առաջին, երկրորդ եւ երրորդ տարիների ընթացքում առաջացած շահույթից Երեւան համայնքի մասնաբաժնի հետեւյալ նվազագույն չափերը.

ա. առաջին տարին՝ 77 մլն դրամ.

բ. երկրորդ տարին՝ 85 մլն դրամ.

գ. երրորդ տարին՝ 100 մլն դրամ:

2) Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հավատարմագրային կառավարչի գործունեության չորրորդ եւ հետագա տարիներին տարեկան շահույթից Երեւանի քաղաքապետարանի մասնաբաժնի հետեւյալ նվազագույն չափը. ընդհանուր շահույթի առնվազն 50 (հիսուն) տոկոսը, բայց ոչ պակաս, քան 100 մլն դրամ:

Պայմանագիրը կնքվում է 10 տարո:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցրեց, թե հաշվի առնելով դրված չափորոշիչները՝ արդյոք ունե՞ն աչքի առաջ կազմակերպություններ, որոնք հնարավոր է, որ տեղավորվեն այս պայմաններում, եւ եթե կա հետազոտություն, քանիսն են դրանք: «Ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն, եթե մրցույթին մասնակցություն չցուցաբերվի»,-ասաց նա:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ որոշման նախագծում երկու նախապայման են նշել` շուրջ 300 միլիոն դրամի միջին հաշվարկային շրջանառություն եւ առնվազն երեք տարվա ոլորտի փորձ:

«Կարծում եմ, որ նման ընկերություններ կան եւ կարող են հայկական եւ օտարերկրյա կազմակերպությունները մասնակցել, մեր աչքի առաջ չունենք նման կազմակերպություն, բաց մրցույթ է լինելու»,-ասաց Տիգրան Սարգսյանը եւ նշեց, որ կարծում է մասնակցողներ կլինեն:

Որոշման նախագիծն ընդունվեց 40 կողմ եւ վեց ձեռնպահ ձայներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ