News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում  շուտով վեր կխոյանան  «Վերածնունդ» երիտասարդական ավանի 12, 18 եւ 32 հարկանի 8 շենքերը։ Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ավանի հիմնարկեքի արարողության ժամանակ նշեց «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը (ֆոտոռեպորտաժ):

Միջոցառման ժամանակ կատարվեց հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ, իսկ համալիրի հիմքերում սերունդներին ուղղված ուղերձը տեղադրեց ծրագրի շահառու Մկրտչյանների ընտանիքի ամենակրտսերը։

Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շենքերը լինելու են սեյսմակայուն, իսկ բնապահպանների կողմից բարձրացված հոսող հողերի խնդիր այստեղ չկա. «Հիմա ես չեմ հասկանում բնապահպանները բնապահպանական խնդիրների մասին են խոսում, թե  սեյսմակայունության։ Հոսող հողեր այստեղ մենք չունենք։ Առաջին կարգի գրունտների մասին է խոսքը։ Մասնագետները շատ ավելի մասնագիտական հիմնավորումներով կպատասխանեն էս հարցին։  Ձեզ ասեմ՝ բնապահպանական տեսանկյունից բոլոր փաստաթղթերը տեղին են․ մենք անցել ենք բոլոր բնապահպանական շրջակա միջավայրի  վրա ազդեցության փորձաքննությունը։ Եվ որեւէ խնդիր այստեղ լինել չի կարող։ Այն բոլոր մարդիկ, ովքեր ասում են, թե այստեղ կա բնապահպանական խնդիր, զբաղվում են պարզապես շահարկմամբ:

Ես խորհուրդ կտայի պարզապես հարակից համալիրի տարածքին հարող այգիների չորացման մասին մտածեին մեր բնապահպանները։ Այնտեղ ոռոգման խնդիր կա, եւ վաղուց տնկված ձեւավորված անտառները այժմ ոռոգման խնդիր ունեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հողամասի ընդհանուր մակերեսը՝ 6,7 հա է, մասնաշենքերի քանակը՝ 8, հարկանությունը՝ 18-32 հարկ, Բնակարանների քանակը՝ 1100, ավտոկայանատեղերի քանակը՝ 880, Կանաչապատ գոտիների ընդհանուր մակերեսը՝ 25 000 քմ, բնակարանների 1քմ. արժեքը՝ 276000-296000 ՀՀ դրամ՝ կախված ներքին հարդարումից:

Կառուցվող շենքերի շահագործման հանձնելու տարեթիվը 2021 թ.նոյեմբերն է, Ավանի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2022 թ. մայիսը: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 54 միլիարդ ՀՀ դրամ է:

Ավանում կառուցվելու է մանկապարտեզ (մինչեւ 220 երեխայի համար), մարզահամալիր (150 մարդ/ժամ), առեւտրի եւ սպասարկման կենտրոն, կինոթատրոն:

Շենքերի տանիքները կահավորվելու են արեւային վահանակներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ծախսվելու է ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության եւ վերելակների էլեկտրասնուցման համար: Նախագծող ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը եւ Դավիթ Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ