News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպեց և զրուցեց  ԱԺ մաքրուհիների հետ, որոնք բողոքում են աշխատանքային նոր պայմանագրերի պայմանների դեմ։

Մաքրուհիները մինչև հիմա աշխատել են օրական երկու ժամ, ինչի դիմաց ստացել են 67 հազար դրամ աշխատավարձ։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ աշխատակազմը կարծում է, որ ներկայում աշխատող 60 մաքրուհիների կարիքը ԱԺ–ում չկա, ավելին կա մեկ այլ կազմակերպություն, որը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձերով նույն ծառայությունը մատուցել։ 

«Կան մարդիկ, որ համաձայն են՝ գան, այդ գումարով աշխատեն, սակայն ԱԺ ադմինիստրացիան պարտադրում է կազմակերպությանը, ասում է ՝ մեր աշխատողներին պահեք, նաև հավելյալ գործով ապահովեք»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Նոր պայմանագրերով՝ մաքրուհիներին աշխատավարձը կնվազի՝ օրվա մեջ երկու ժամվա աշխատանքի դիմաց նրանք կստանան 40 հազար դրամ՝ նախկին 67 հազարի փոխարեն, բայց, միաժամանակ, կազմակերպությունը պարտավորվել է նրանց ապահովել նաև այլ աշխատանքով, որպեսզի մաքրուհիները օրվա մեջ ավելի երկար աշխատեն ու դրա դիմաց ստանան ավելի շատ գումար։ Մաքրուհիները, սակայն, դեմ են, ասում են, որ պայմանագրի պայմաններն իրենց հետ չեն քննարկել, և պնդում են, որ ապրիլի 1–ից աշխատանքի չեն գալու։

Մաքրուհիների այն հայտարարությանը, որ իրենք չեն ուզում դուրս գալ և ուզում են աշխատել ԱԺ–ում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես էլ եմ ուզում սաղ կյանքս ստեղ աշխատեմ»։

«Ես Ձեզ նկարագրեցի վիճակը՝ շատ աշխատենք, շատ գումար ստանանք։

Ես որոշում կայացնողը չեմ, պայմանագիրը արդեն իսկ կնքված է, մեր կողմից ստիպվել է, որ դուք մնաք աշխատանքի, այսինքն՝ այն պայմանագրերը, որոնք որ դուք ունեք,  ձեր հետ շարունակվում է և առանց գործ չեք մնա»,– ասաց նա։

ԱՎելի ուշ լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց. «Մարդիկ աշխատում են երկու ժամ և ուզում են ստանալ պետությունից պարգևավճարներ, սոցփաթեթ և այլն։ Պետությունը իրենց չի հանում աշխատանքից, թեև իրենց պայմանագիրն ավարտված է ։ Չնայած իրենց տարիքին և այն բանին, որ իրենց քանակը շատ ավելի շատ է, քան դրա կարիքը կա, աշխատակազմը «պարտադրում է», որ աշխատակիցներին ևս մի քանի շինության մեջ ներառի, բայց չի կարելի կազմակերպությանը, երբ աշխատաշուկայում կա ավելի էժան աշխատուժ, պարտադրել ավելի թանկ վճարել»։

Ըստ Ալեն Սիմոնյանի 60 աշխատակիցները ԱԺ շինության համար շատ են. «Գիտեք ինչ խնդիր կա, որովհետև ժամանակին իրենց ծանոթներին, բարեկամներին բերել աշխատանքի են ընդունել, 60 աշխատողը շատ է այս շենքի համար»։

Տպել
Ամենաշատ