News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 

Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական համայնքում առկա լուրջ վեճը բարեբախտաբար, առայժմ հանգուցալուծվել է: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշում է. «2018 թ.հոկտեմբերի 30-ին ՀԲԸՄ-ի վարչությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ազդարարելով, որ այլեւս չի կարող վճարել իր կենտրոնի գործառնական ծախսերը, որոնք «ահավոր են դարձել»:

ՀԲԸՄ-ի վարչությունը հետագայում հայտարարեց, որ Centennial College-ից ՀԲԸՄ կենտրոնը գնելու առաջարկ է ստացել: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ ՀԲԸՄ կենտրոնի գինը կազմել է 8.5 միլիոն կանադական դոլար: Կենտրոնական վարչությունը՝ ՀԲԸՄ  կենտրոնը Նյու Յորքում, հավանություն էր տվել գույքը վաճառելու մասին որոշմանը, որը կառուցվել էր 1981 թվականին: 

Այս հնարավոր վաճառքի անմիջական ազդեցությունը եղել հարեւանությամբ գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու գործունեության վրա, որի անդամները օգտվել են ինչպես ավտոկայանատեղից, այնպես էլ ՀԲԸՄ կենտրոնի կառույցներից: Բացի դրանից, եկեղեցին ՀԲԸՄ գույքը ձեռք բերելու գործում ուներ «առաջին մերժման իրավունքը», ինչը նշանակում էր, որ եթե եկեղեցին որոշեր կամ կարողանար գնել ՀԲԸՄ կենտրոնը, ապա այն գնման նախապատվության իրավունքի ուժով դա կարող էր անել մինչ Centennial College-ին վաճառելը՝ միեւնույն պայմաններով:

2018 թ. նոյեմբերի 10-ին, ՀԲԸՄ-ի վարչությունը հրապարակեց երկրորդ հայտարարությունը՝ իր ափսոսանքը հայտնելով, որ «որոշ մարդիկ գերադասում են սխալ որակել վերջին հայտարարությունը»՝ Centennial College-ին ՀԲԸՄ կենտրոնի հնարավոր վաճառքի վերաբերյալ: ՀԲԸՄ վարչությունը հայտարարեց, որ «թեեւ հասկանալի է, որ ոմանց դուր չի եկել այս որոշումը, սակայն արդար չէ եւ ոչ կառուցողական հակազդել մի այնպիսի տեղեկատվությամբ, որը հակված է մոլորության մեջ գցելու Տորոնտոյի համայնքին, հատկապես նրանց համար, որոնք կապված են եկեղեցու հետ»:

Ի պատասխան՝ Կանադայի թեմը եւ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին 2018 թ. նոյեմբերի 19-ին  հանդես եկան միասնական հայտարարությամբ՝ ՀԲԸՄ-ի երկու հայտարարությունները որակելով որպես «ինքնարդարացման ապարդյուն փորձեր: Ավելին, դրանք պարունակում էին մեկնաբանություններ, որոնք նախատեսված էին մոլորության մեջ գցելու եւ բաժանելու մեր համայնքը: Ամեն դեպքում, նրանք ձախողվեցին: Ակնհայտ է, որ այս հայտարարությունները զուրկ են առողջ համայնքի նկատմամբ անկեղծ զգացմունքներից եւ թելադրված ոչ ժողովրդավարական որոշումների արտացոլումն են՝ առանց թափանցիկության»:

Մամուլի վիճելի հաղորդագրություններից շփոթված, Տորոնտոյի հայ համայնքը փորձեց պարզել, թե ինչ է կատարվում փակ դռների հետեւում: Հստակ տեղեկատվության բացակայությունը բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց: Մտահոգություն կար, որ Տորոնտոյի հայերը կկորցնեն իրենց հիմնական կենտրոններից մեկը: Ասեկոսեների կրակին յուղ էր լցվում ՀԲԸՄ-ի նախորդ որոշումներով՝ Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը փակելու մասին, չնայած Տորոնտոյի ՀԲԸՄ վարչությունը հայտարարել էր, որ իր կենտրոնի վաճառքից հետո այն կտեղափոխվի համայնքի համար նոր ավելի կենտրոնացված վայր Տորոնտոյում: 

Մյուս արտասովոր իրավիճակը հանրային վեճն էր ՀԲԸՄ-ի եւ թեմի միջեւ, որոնք ամբողջ աշխարհում սովորաբար վայելում են լավագույն հարաբերությունները: Բացի այդ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Գարեգին Բ-ն, նաեւ ՀԲԸՄ-ի կենտրոնական խորհրդի պատվավոր անդամ է: Կաթողիկոսը կարող էր հեշտությամբ միջամտել երկու հաստատությունների միջեւ ընդհարմանը, եթե անհրաժեշտ լիներ:

2018 թ. նոյեմբերի 11-ին, Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին հրավիրեց անդամների հատուկ խորհրդակցություն՝ Առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի նախագահությամբ: Ժողովը որոշում ընդունեց, պարտավորվելով հավաքել անհրաժեշտ 8.5 միլիոն կանադական դոլարը երեք ամսից պակաս ժամկետում՝ մինչեւ 2019 թ. հունվարի 29-ը՝ ՀԲԸՄ կենտրոնը ձեռք բերելու համար: Այդ նպատակով ձեւավորվեց լիազորված հանձնաժողով: Եկեղեցին հայտարարեց, որ «Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, որպես նեցուկ դրամահավաքի արշավին, հանդես եկավ տպավորիչ եւ օրինակելի արարքով՝ նվիրաբերելով  իր եպիսկոպոսական ոսկեզօծ Ասան (գավազան) եւ Պանակեն (կրծքի զարդ) որպես դրամահավաքի առաջին ներդրում»:

Ի զարմանս բոլորի՝ 2019 թ. հունվարի 29-ին Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին հայտարարություն տարածեց՝ հաստատելով, որ թեմը «օգտագործել է առաջին մերժման իր իրավունքը՝ ձեռք բերելու Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գույքը»:  Այս անսպասելի եւ հրաշալի զարգացումը հարցերի նոր շրջանակ առաջ բերեց, թե ինչպես է եկեղեցուն հաջողվել նման կարճ ժամկետում հավաքել 8.5 միլիոն կանադական դոլարի մեծ գումարը գույքը գնելու համար... Որոշ մանրամասների վերաբերյալ եկեղեցուն ուղղված հարցերը մնացին անպատասխան, որն առաջ բերեց նոր ասեկոսեներ՝ ՀԲԸՄ կենտրոնի ձեռքբերման ֆինանսավորման իրական աղբյուրի մասին: 

Եկեղեցուն եւ նրա լիազորված հանձնաժողովին ուղղված եւս մի քանի էլեկտրոնային նամակներից եւ հեռախոսազանգերից հետո, հանձնաժողովի անդամ Արա Բոյաջյանը բավական բարի գտնվեց պատասխանելու դրանց: Սկզբում Բոյաջյանը գրեց ինձ, որ «Տորոնտոյում Սուրբ Երրորդություն եկեղեցու հարեւանությամբ գտնվող ՀԲԸՄ-ի գույքը ձեռք է բերվել եւ գրանցվել թեմի կողմից: 90 օրվա ընթացքում թեմն ապահովել է անհրաժեշտ ֆինանսավորումը, օգտագործել առաջին մերժման իր իրավունքը եւ 2019 թ. փետրվարի 28-ին ավարտել 8.5 միլիոն [կանադական] դոլարի գործարքը»:

Լրացուցիչ մանրամասներ խնդրելուց հետո, Բոյաջյանն ինձ տրամադրեց հետեւյալ տեղեկությունը. 

«1. Թեմը կարողացավ ապահովել ծրագրի ֆինանսավորումը, ինչը, իհարկե, նշանակում է, որ այն ստացել է վարկ, ձեռք է բերել ՀԲԸՄ-ի գույքը եւ այն գրանցել թեմի անունով»:

 «2. Վարկը երաշխավորված է 5 տարվա հիփոթեքով, օգտագործելով միայն գրավադրվող գույքը: Ֆինանսավորողները ներկայումս ցանկանում են անանուն մնալ, եւ թեմը պարտավոր է հարգել նրանց ցանկությունը»:

«3. Թեմի սեփական իրագործելիության ուսումնասիրությունը եւ դրամական հոսքերի կանխատեսումները վկայում են, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում թեմը հիմնական  վարձու կտա տարածքները եւ կկարողանա պահել այդ գույքը, ներառյալ տոկոսների վճարումը: Սա ընդգրկելու է եկամտի ցանկացած կորուստ`ՀԲԸՄ-ին իրավունք տալու պատճառով, որ կշարունակի իր գործառնությունը ու գործունեությունը շենքում անվճար տասնմեկ ամսվա համար` ՀԲԸՄ-ի համար բացարձակապես անվճար»:

«4. Վարկի հիմնական գումարը վճարելի է հինգ տարում: Սա բավարար ժամանակ է թեմի համար՝ ռազմավարության եւ պլանավորման առումով՝ իրականացնելու խիստ անհրաժեշտ ծրագիր, որից մեծապես կշահի Տորոնտոյի համայնքը»:

Հաջորդ նամակում Բոյաջյանը բացատրեց, որ վերոնշյալ երրորդ կետում «հիմնական վարձու տալ» եզրը նշանակում է. «Վարձակալը վարձակալում է ամբողջ վարձակալական տարածքը վարձատուից եւ վարձավճար վճարում վարձատուին, կամ տվյալ դեպքում թեմին, որպես կառույցի սեփականատիրոջ։ Ֆինանսիստ(ներ)ի ապահովմանը զուգահեռ, թեմը կարողացել է գտնել, համաձայնության գալ եւ ստորագրել «հիմնական վարձակալություն» պատվարժան վարձակալի հետ մինչեւ գնումը (առաջին մերժման իրավունքի 90-օրյա ժամկետում), հնարավորություն տալով թեմին հաջորդ 5 տարիներին ծածկել կառույցի ծախսերը, ներառյալ վարկի մարման տոկոսները։ Սա հաստատվել է իրագործելիության ուսումնասիրությամբ եւ դրամական հոսքերի կանխատեսումներով»։

Բոյաջյանի պատասխանները հստակեցնում են, որ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին միայն տոկոսներ է վճարելու 8.5 միլիոն վարկի համար 5 տարի ժամկետով, որից հետո ամբողջ վարկի գումարը ենթակա է մարման եւ պետք է կամ վճարվի կամ վերաֆինանսավորվի։
Ամենակարեւորն այն է, որ եկեղեցու առաջնորդները կարողացան կարճ ժամկետում ֆինանսական հրաշք գործել եւ փրկել ՀԲԸՄ կենտրոնը, որը մեծ նվաճում է Տորոնտոյի հայ համայնքի համար:

Վերջապես, խելամիտ կլիներ աշխարհի բոլոր հայկական կազմակերպությունների համար հնարավորինս թափանցիկ լինել համայնքային ունեցվածքին եւ խնդիրներին առնչվող գործարքներում՝ անհարկի ասեկոսեներից եւ վստահության կորստից խուսափելու համար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Ամենաշատ