News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տպավորություն է ստեղծվել, որ գիտնականները եւ գիտահետազոտական ինստիտուտները եւ կենտրոնները փորձում են պաշտպանվել իշխանություններից: Մարտի 26-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ գիտական համայնքը պետք է հասկանա, որ Կառավարությունը նրանց գործընկերն է, եւ նոր իշխանությունների մոտեցումները արմատապես տարբերվում են նախորդներից: «Այս կամ այն որոշումները կայացնելիս ոչ ոք գործարար հետաքրքրություն կամ անհատական մոտիվացիա չունի:

Իշխանությունների միակ նպատակն ավելի բարձր արդյունքների հասնելու պայմաններ ստեղծելն է, որպեսզի չլինի այն պատկերը, երբ համալսարաններն ու գիտահետազոտական ինստիտուտները ընդամենը 165 աշխատանք են հրապարակում: Սա չի կարող բավարարել մեզ», - նշեց նախարարը` այդպես էլ չպարզաբանելով, թե որն է նոր իշխանությունների եւ նախորդների տարբերությունը  գիտության հանդեպ:

Այնուհետ  նախարարը փորձեց պարզաբանել, որ պատճառը, թե ինչու իշխանությունները դեռեւս կրթության եւ գիտության ոլորտների զարգացման ռազմավարություն չեն ներկայացրել, այն է, որ «մենք ամբողջ գիտական տարածության եւ դերակատարների մանրակրկիտ ուսումնասիրություն ենք իրականացնում»:

Հարությունյանը սխալ անվանեց տարբեր գնահատականներն այն մասին, որ նոր իշխանությունները դադարեցրել են հիմնական գիտությունների եւ հայագիտության ֆինանսավորումը: Ճիշտ է, նա նշեց, որ այստեղ ակնհայտորեն ներուժ կա երկրի սահմաններից դուրս զարգացման համար: «Պետք է հասկանալ, որ Հայաստանից դուրս կուտակված հսկայական նյութ կա, որը մեզ հասանելի չէ:

Մենք փորձում ենք այն ավելի հասանելի դարձնել, որպեսզի այդ նյութերը մեր գիտնականներին օգնեն այն խնդիրների արդիականացման հարցում, որոնք քիչ են շոշափվում», - պարզաբանեց նա:

Նախարարը հավելեց, որ ոչ միայն պետությունը պետք է ներգրավվի գիտության զարգացմանը, այլեւ բիզնեսը, ինչպես  դա տեղի է ունենում զարգացած երկրներում, որտեղ գիտությունը ծառայում է բիզնեսին:

Անդրադառնալով գիտահետազոտական ինստիտուտների հիմնական ֆինանսավորման խնդրին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Բողոքի  ալիքը, որը մենք տեսանք, պայմանավորված էր այն հանգամանքով, որ գիտահետազոտական ինստիտուտներից շատերը, որոնք մրցույթներում մասնակցելու հայտեր կներկայացնեին,   գիտական արդյունավետության տեսանկյունից չէին բավարարի պայմանները»:

Նշենք, որ մարտի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի է ունենում 2018 թվականի ԳԱԱ գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված ընդհանուր տարեկան ժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ