News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ընդգծել է Պեկինի եւ Եվրամիության միջեւ խորացող սերտացումը գլոբալ հարցերում՝ կլիմայի փոփոխությունից մինչեւ առեւտուր, երկու կողմերին կոչ անելով թոթափել «կասկածները», տեղեկացնում է AFP-ը։

Փարիզում հանդիպման ժամանակ Սի Ցզինպինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել են միասին աշխատելու ցանկության մասին։

«Իհարկե, կան տարբերություններ եւ մրցակցություն, բայց դա դրական մրցակցություն է»,- ասել է Սի Ցզինպինը համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք միասին առաջ ենք ընթանում։ Մենք չպետք է թույլ տանք կասկածներին ստիպել մեզ մշտապես հետ նայել»։

Եվրոպան եւ Չինաստանը բախվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ կապված խնդիրներին ու գլոբալ ջերմացման, առեւտրի կամ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի վրա նրա հարձակումներին։

Չինացի եւ ֆրանսիացի առաջնորդները համատեղ հայտարարությունում պարտավորվել են միասին աշխատել։ «Ֆրանսիան եւ Չինաստանը համարում են, որ ներկա պայմաններում բազմակողմանիությանը հավատարմությունը միջազգային համագործակցության զարգացման լավագույն եղանակն է այն շրջանում, երբ ռիսկերը եւ ընդհանուր խնդիրներն ավելանում են»,- նշել են նրանք։

Սակայն Մերկելը երկյուղներ է հայտնել  ԵՄ-ի եւ Չինաստանի հնարավոր ձեռքբերումների հետ կապված։ «Առանց Միացյալ Նահանգների բազմակողմանիություն լինել չի կարող»,- ասել է նա։

Թեեւ ղեկավարներն ընդգծել են բազմաթիվ ոլորտներ, որոնցում Չինաստանը, Ֆրանսիան եւ ԵՄ-ը միասին կաշխատեն, հարաբերություններում լարվածություն է նկատվում՝ «կասկածներ», որոնց մասին նշել է Սի Ցզինպինը։

Եվրոպական հանձնաժողովը Չինաստանն անվանել է «համակարգային մրցակից» եւ ներկայացրել 10 կետից բաղկացած պլան, որում առաջարկվում էր ավելի կոշտ հարաբերություններ հաստատել Պեկինի հետ, ինչը Մակրոնը ողջունել է որպես ուշացած արթնացում։

Այլ ռիսկերի շարքում հանձնաժողովը նախազգուշացրել է արդյունաբերական խմբերի վրա չինական սուբսիդիաների ազդեցության եւ այն մասին, որ եվրոպական ընկերությունները ստիպված են տեխնոլոգիաներ փոխանցել իրենց չինական դուստր ընկերություններին։

Յունկերը իր ելույթն սկսել է «Ես Չինաստանի բարեկամն եմ» բառերով։

Մերկելը նույնպես բարձրացրել է «փոխադարության» սուր խնդիրը առեւտրի եւ ներդրումների տեսակետից, ինչը նշանակում է, որ Չինաստանը պետք է առաջարկի ավելի շատ հնարավորություններ եվրոպական ընկերություններին իր ներքին շուկայում եւ այն նախագծերում, որոնք ֆինանսավորվում են արտասահմանում Չինաստանի կողմից։

Եվրոպան ցանկանում է Չինաստանից խոստումներ ստանալ, որ նրա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը կիրականացվի ԵՄ-ի հետ գործընկերությամբ։ Այդ նախաձեռնությունը «շատ կարեւոր է», եւ «մենք՝ եվրոպացիներս, ցանկանում ենք մեր դերը խաղալ»,- ասել է Մերկելը համատեղ մամուլի ասուլիսում։ «Դա պետք է հանգեցնի փոխադարձության, եւ մենք որոշակի խնդիրներ ունենք դրա որոնման հետ կապված»,- հավելել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ