News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւան–Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ–ն ժամանակավորապես դադարեցրել է երթուղու շահագործումը` պահանջելով որ երթուղուց դուրս գան այն սպասարկող ապօրինի մեքենաները։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը եւ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։

«Այսօր պետական պատկան մարմինների, ոչ նորմալ, մեղմ ասած, աշխատանքի հետեւանքով հասել է այն արդյունքին, որ ընկերությունը փակման եզրին է», –ասաց Գուրգեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ «Գալակտիկա» ՍՊԸ–ն  առաջինն էր, որ հենց հեղափոխությունից հետո արձագանքեց ՀՀ–ում ներդրումներ անելու կառավարության կոչին եւ որպես տեղական ներդրող շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ներդրում է կատարել՝ թարմացնելով ավտոպարկը «Մերսեդես» սպրինտեներով։ 

«Տրանսպորտի նախարարությանը, կառավարությանը, գլխավոր դատախազությանն ուղղված բազմաթիվ դիմումներից, ստուգումներից հետո, չնայած բոլոր հանգամանքներին, որ ապօրինի գործունեություն է իրականացվում, ապօրինի մեքենաների թիվը ավելանում է»,– ասաց Գրիգորյանը։

Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ մարդիկ ոչ մի պարտավորություն չունենալով՝ լիցենզիա, գրանցում, դեղին համարներ, իրենց հարմար ցանկացած գներով իրականացնում են Երեւան–Արմավիր երթուղու սպասարկում, ինչն էլ դարձել է պատճառ, որ ներդրում կատարած ու օրենքով աշխատող ընկերությունը սնանկացման եզրին է հայտնվել՝ չկարողանալով վճարել անգամ վարորդների աշխատավարձերը։

«Երեկվանից «Գալակտիկա տրանս սերվիսը», որը սպասարկում է այդ ուղեգիծը, չի աշխատում, բա մեկը հարց չի՞ տալիս, ոնց ա քաղաքացիները չեն բողոքում, որ տրանսպորտ չկա, այսինքն՝ երթուղին սպասարկվում է»,– ասաց փաստաբանը՝ հակադարձելով պատկան մարմինների այն հայտարարություններին, թե անհատ վարորդների ապօրինի գործունեության ապացույցներ չկան։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երթուղին ապօրինի սպասարկողներից ամենաշատը «Բոգո» մականունով Կոստանյան Ռուբենի մեքենաներն են։

Նրանց խոսքով՝ մեկ տարի առաջ Ռուբեն Կոստանյանը գնել է Մյասնիկյան եւ Մեծամոր գծերը։ Համապատասխանաբար՝ Մյասնիկյան ուղղությունը պետք է սպասարկեր օրը 1 մեքենա, իսկ Մեծամորը՝ 4։ Նրանք 5 դեղին համարներից բացի իրավունք չունեն ուրիշ դեղին համար շահագործելու։

«Կիլիկիայում» ավտոկայանի կողքն անօրինական ավտոկայան է ստեղծել, ու ոչ մեկի վեջը, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, եթե ավտոկայանը կողքն է, ի՞նչ իրավունք ունի մարդը սեփական ավտոկայանատեղի ստեղծել՝ 40–50 հատ մեքենաներով։ Կառավարությունը քրեական հեղինակություններին ավելի մեծ տեղ է տալիս, քան իր հիմնական փոխադրողներին, որը տենդերով գիծ է շահել և 30–40 տարի սպասարկում է այն»,– ասաց  Շուշանիկ Խաչատրյանը։

Ընկերության տնօրենի խոսքով, միայն այդ մեքենաներով չեն բավարարվում, երբ տրանսպորտից օգտվողների թիվը մեծանում է, այլ մեքենաներ էլ են գիծ մտցնում։

«Որ մի քիչ պիկ է լինում, բերում են՝ 70 համարի քաղաքային տրանսպորտն են օգտագործում՝ ռուսական համարներով, մեկ շաբաթի չափ է՝ վիտոներ են օգտագործում յոթ տեղանոց։ Սեփական մեքենաներով են սկսել տեղափոխել մարդկանց»,– ասաց Շուշանիկ Խաչատրյանը։

Տիկին Խաչատրյանը հույս հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ կգտնի, կլսի իրենց ու կզբաղվի իրենց խնդրով։

«Ես համոզված եմ, որ պարոն վարչապետին ճիշտ չի ներկայացվում ոչ մի բան։ Խնդրել եմ, որ պարոն վարչապետը ժամանակ գտնի 5–10 րոպեն էլ բավական է, որ հակիրճ ներկայացնենք մեր իրավիճակը։ Տրանսպորտի պատմության մեջ նման «բեսպրեդել» չի եղել տասնյակ տարիներով»,– ասաց Շուշանիկ Խաչատրյանը։

Ընկերությունը երթուղին չի սպասարկելու, մինչև հարցին լուծում չտրվի։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ