News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Փաշինյան-Ալիեւ հանդիպումից Ստեփանակերտում չեն ակնկալել արդյունավետ որոշումներ, բայց որ հանդիպումը կայացել է, կան որոշ պայմանավորվածություններ, ընկալվում է դրական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքներին։

«Մենք չենք ակնկալել հատուկ, արդյունավետ որոշումներ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, բայց այն, որ հանդիպումը կայացել է, այն, որ հայտարարություններից ելնելով՝ կարող ենք ասել, որոշ պայմանավորվածություններ կան, կոնկրետ ամենակարեւորը առաջնագծում եւ հումանիտար համագործակցության առումով, որ առաջին անգամ է այս հանդիպումներից հետո հնչեցվում։ Սա արդեն ողջունելի է, եւ միանշանակ, ավելին չէինք էլ սպասում։ Քանի որ մինչեւ հանդիպումը կար կարծիք, որ ձախողվելու է։ Սակայն, ամեն ինչ նորմալ ենք համարում, դրական է, ողջունում ենք»,- նշեց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը հաջորդած հայտարարություններում որեւէ հիշատակում չեղավ բանակցային ձեւաչափի հնարավոր փոփոխության մասին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ Վիեննայում չեն ընթացել բանակցություններ Ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ, եւ երբ գա այդ փուլը, Ստեփանակերտը պետք է միանա բանակցային գործընթացին․ «Մենք ֆիքսում էինք, որ սա բանակցություն չէ, սա հանդիպում է, եւ այդ հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որը կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ, այսինքն՝ առաջնագիծ, ուղիղ կապ, հումանիտար համագործակցություն, իհարկե, սրանք հետագայում իրենց ազդեցությունն են թողնելու բանակցությունների վրա։ Եվ երբ որ, համոզված եմ, արդեն կոնկրետ բանակցության թեման օրակարգ մտնի, Ալիեւը ինքն է առաջինը համոզվելու, որ առանց Ղարաբաղի լուծում չկա։ Եթե Ադրբեջանը լուծում է ուզում, ապա պետք է Ղարաբաղը նստի բանակցության սեղանի շուրջ։ Նշանակում է՝ այս փուլում նրանց էլ ձեռք չի տալիս որեւէ տարբերակով լուծում՝ հասկանալով միջազգային եւ ներքաղաքական իրավիճակի ազդեցությունը։

Երբ արդեն իրավիճակը հասունանա այնպես, որ մենք սկսենք քննարկել լուծման տարբերակը, Ղարաբաղը պարտավոր է լինելու նստել բանակցային սեղանի շուրջ։ Դրա մասին պարբերաբար հայտարարել են նաեւ ԵԱՀԿ համանախագահող երկրների ներկայացուցիչները, որ արդեն մի փուլում Ղարաբաղը պետք է նստի սեղանի շուրջ, եւ բանակցության մաս կազմի։ Եվ այդ փուլը այն է, երբ սկսվեն արդեն կոնկրետ քննարկումներ։ Այս պահին չկան կոնկրետ քննարկումներ։ Տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում՝ այս բոլորը ընդունում են, բայց արդեն երբ սկսվի դետալների քննարկումը, թե ինչպե՞ս ենք հասկանում տարածքային ամբողջականությունը,ազգերի ինքնորոշման իրավունքը, հասկացանք, ուժի կիրառումը բոլորի համար պարզ է, բայց այն երկուսում տարընթերցումներ միշտ էլ լինելու են, պետք է, որ Ղարաբաղը կոնկրետ իր դիրքորոշմամբ արդեն բանակցություններին մասնակցի»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Իսկ հումանիտար ուղղությամբ պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Վիեննայում, ըստ նախկին վարչապետի՝ կարող են դառնալ մեծ համագործակցության սկիզբ․ «Եթե Ադրբեջանը ցանկություն ունի հարցի խաղաղ կարգավորման մասով, ապա պարտավոր է ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Այսինքն՝ Ադրբեջանն ունի սպասելիք, մենք մեր խնդիրը լուծել ենք, իսկ այդ պարագայում հումանիտար առաքելությունների համագործակցության առումով նրանք ավելի շատ պետք է լինեն շահագրգռված։ Երեւի իրենց գիտակցությունը արդեն թույլ է տալիս դրա մասին ոչ միայն հայտարարելու, այլ նաեւ՝ քայլեր անելու։ 2016-ի Ապրիլյան պատերազմից արդեն անցել է երեք տարի, եւ այս երեք տարիներին Ադրբեջանն էլ հասկացել է, որ այլընտրանք չունի, պետք է ստիպված համակերպվի ստեղծված իրավիճակի հետ եւ քայլ առ քայլ Ադրբեջանի ժողովրդին պատրաստի խաղաղության։ Այդ առումով՝ այդ փոքր հումանիտար համագործակցության քայլերը, որը սպասում ենք, սկիզբն է լինելու հումանիտար ծրագրերի արդեն մեծ համագործակցության, որն էլ կբերի վերջնական խաղաղության»։

Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ընկալումները պետք է պարզաբանվեն, իսկ Արցախի ԱԳ նախարարը նշել էր, որ դրանք հնացած են ու ամբողջությամբ պետք է վերանայվեն․ Արայիկ Հարությունյանն այս դիտարկումները գնահատեց նույն համատեքստում․ «Երկուսն էլ կարծես նույն բանն են ասում՝ հնացած են, որովհետեւ հստակություն չկա: Նշվում է տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում. ո՞ր սկզբունքն ինչպես է ընկալվում: Մենք համարում ենք, որ տարածքային ամբողջականությունը վերաբերում է՝ առանց Արցախի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Երկրորդ, մենք ունենք խնդիրներ Շահումյանի, Գետաշենի հետ կապված, որոնք կարծես բանակցություններից դուրս են եկել, բայց երբ Արցախը մտնի բանակցությունների մեջ, մենք պարտավոր ենք լինելու այդ թեմաներն առաջ մղել: Նույն փախստականների բնականոն կյանքի վերադարձի հետ կապված մենք ավելի մեծ պահանջներ ունենք, քան Ադրբեջանը: Այս հարցում եւս հստակեցումներ պետք է անենք, ինչը մադրդիսյան սկզբունքներում հստակ արտացոլված է: Մենք պետք է փորձենք ճկուն լինել եւ ավելի մեծ պահանջ դնել:

Ինչ վերաբերում է ազգերի ինքնորոշմանը, ապա այստեղ երկրորդ կարծիք չկա․ դա հնարավոր չէ այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը: Դրա համար, այո, երկուսն էլ նույն բանն են ասում: Վերջնականապես հնացած է այն, որ նախկին մադրիդյան սկզբունքներում ազգերի ինքնորոշման սկզբունքն ինչ-որ տեղ դիտարկվում էր ինքնորոշում Ադրբեջանի կազմում, դա պետք է մոռանանք: Ադրբեջանը եւս պետք է դա հասկանա: Ինքնորոշումն այն է, որ մենք ենք որոշում՝ միանում ենք Հայաստանին, թե շարունակում ենք գնալ անկախացման ճանապարհով: Դա Արցախի ժողովրդի որոշումն է: Իսկ տարածքային ամբողջականության մասով պետք է նոր թեմաներ շրջանառության մեջ դնել՝ կապված մեր փախստականների հետ»:

Չնայած հումանիտար համագործակցության շուրջ պայմանավորվածություններին՝ պատերազմի վտանգը, ըստ Հարությունյանի, ամեն օր առկա է․ «Մենք վտանգ ամեն օր ենք տեսնում։ 1994 թվականի խաղաղության համաձայնագրից հետո, մենք ամեն օր սպասում ենք պատերազմի, ու Ապրիլյանը դրա վառ ապացույցն է։ Իսկ ինչ վերաբերում է առաջիկային, իհարկե, Ադրբեջանը պատրաստվում է ամեն օր, բայց հայկական կողմն էլ այնպես չէ, որ ձեռքերը ծալած նստած է։ Այսօրվա մեր անվտանգության երաշխիքը մեր բանակն է եւ անկախ հումանիտար գործընթացից՝ բանակի դերն ամենակարեւորն է, քանի որ վտանգ միշտ էլ կա։ Բանակը միշտ պետք է լինի մեր անվտանգության գլխավոր երաշխիքը»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ