News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԱԾ տնօրենը Արցախի իշխանությունների հրավերով է եկել Ստեփանակերտ՝ մասնակցելու սբ․ Աստվածամոր Հովանու Առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ինձ են հրավիրել, եւ ես այդ հրավերը շատ մեծ հաճույքով ընդունել եմ, միշտ մեծ սիրով եւ ուրախությամբ եմ գալիս Արցախ, հատկապես այս լավ առիթով՝ նոր եկեղեցու օծման հետ կապված։ Եվ կարծում եմ, որ դա շատ կարեւոր միջացառում է հոգեւոր կյանքում՝ մեր երկրորդ պետության, Արցախի Հանրապետության կյանքում»,- նշեց նա։

Իսկ թե ինչու է հատկապես նա հրավիրվել, Վանեցյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել հրավիրողներին․ «Էդ հարցը երեւի թե պետք է տալ Արցախի իշխանություններին եւ Արցախի թեմի առաջնորդին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին, Ստեփանակերտում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ օծվել է սբ․ Աստվածամոր Հովանու Առաջնորդանիստ եկեղեցին։

Արարողությանը մասնակցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այնտեղ էին նաեւ բարերար Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, որոնց նվիրատվությամբ է կառուցվել եկեղեցին։

Տպել
Ամենաշատ