News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Սևանի թերակղզում 26-ամյա երիտասարդի սպանության գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև 71-ամյա կնոջ սպանությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես Գեղարքունիքի մարզում 2018թ. մայիսի 31-ին  տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից առերևույթ կատարված մեկ այլ սպանություն ևս:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 26-ամյա երիտասարդի սպանությունը:  Երկու անձի մեղադրանքներ էին առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ով հայտնաբերվել է:

Հիշեցնենք, որ 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Նախաքննությամբ  պարզվել էին 26-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ:

Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը՝ նրանց փոխադրելով Սևան:

Պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել երիտասարդ վարորդի հետ, որի ժամանակ էլ նրա գլխին քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Այնուհետև հիշյալ անձինք վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին, որը հետագայում վաճառել են Երևանի առևտրի կենտրոններից մեկում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ վրացի ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցության և կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ առանձնապես ծանր հանցագործություն:

Այսպես՝ դեռևս 2018 թվականի հունվարի 15-ին` ժամը 00:00-ի սահմաններում, բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կինը դարձել է սպանության զոհ:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ վրացի ամուսինները Հայաստանում բնակվող իրենց ծանոթի միջոցով ծանոթացել են Անահիտ Ալեքսանյանի հետ:

Տեղեկանալով, որ 71-ամյա կինը 2.000 ԱՄՆ դոլար խնայած գումար, ինչպես նաև՝ ոսկյա և արծաթյա զարդեր ունի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ծրագրել են հափշտակել դրանք:

2018 թվականի հունվարի 13-ին Անահիտ Ալեքսանյանը վրացի ամուսիններին հրավիրել է իր բնակարան, հյուրասիրել նրանց, միասին օգտագործել են ոգելից խմիչք, որից հետո  շահադիտական դրդումներով, զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 71-ամյա կնոջը խեղդել են:

Տպավորություն ստեղծելու համար, թե, իբր, նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, նրան պառկեցրել են անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուր 1 891 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև՝ այլ իրեր:

Որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը համատեղ շարունակելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով:  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ բախվել են երկու Mercedes-ներ, 5 հոգի հոսպիտալացվել է
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում․․․
Հնդկաստանում ավելի քան 2.6 մլն մարդ հայտնվել է ջրածածկման գոտում
Նահանգում իրավիճակը օրեցօր վատթարանում է...
Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի եւ 28-ամյա Գագիկի վիճակը կայուն է, դրական դինամիկա կա
Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը եւ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են…
Լոռու մարզում քարաթափման հետևանքով տուժած 35–ամյա տղամարդու վիճակը ծանր կայուն է
Մահացածները նրա կինն ու դուստրն են...
Արագածի խառնարանի մոտ ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները գտել են եւ ուղեկցել մինչև շտապօգնության մեքենան
Ուղեկցել են մինչեւ փրկարարական ավտոմեքենան, այնուհետեւ տեղափոխել Արտաշավան գյուղի տառերի պուրակ...
Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 20 հա բուսածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել է 67 փրկարար
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը...