News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչ, օրերս համագյուղացիների ճնշումների ներքո հրաժարական տված գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Նարեկ Մելքոնյանը, քիչ առաջ ազատ է արձակվել Արմավիր մարզի առաջին ատյանի դատարանի դահլիճից։ Նրա փաստաբան Սիրուշ Աղվանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրել։

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը կրակել է ինքնապաշտպանության նպատակով, իսկ որսորդական զենքն օրինական է եղել։

Հիշեցնենք, որ Նարեկ Մեքոնյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու  մեջ։ Ապրիլի 12-ին դպրոցի տնօրեն, արդեն նախկին գյուղապետի դուստր Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ու դպրոցի աշխատողների միջև բախումների ժամանակ տեղի էր ունեցել ծեծկռտուք, իսկ ապրիլի 13-ի առավոտյան նրա որդին՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը հրազենային վնասվածք էր հասցրել ցուցարարներից մեկին: Նույն օրը երեկոյան գյուղապետը հրաժարական էր տվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական  գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։ Բացի Նարեկ Մելքոնյանից, այս գործով ևս մեկ անձ է ձերբակալվել:

Այսօր առավոտից մի քանի տասնյակ զարթոնքցիներ, այդ թվում՝ դպրոցականներ, բողոքի ակցիա էին իրականացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առջև՝ պահանջելով ազատ արձակել պատմության ուսուցիչ Նարեկ Մելքոնյանին։

«Երբ մարդը օրինակ է ծառայել իր աշակերտին, թե ոնց պաշտպանել իր ընտանիքը, դրա համար ինչու՞ եք դատում, փոխանակ հերոսի կոչում տաք։ Եթե Նարեկին բաց չթողնեն, հայտարարում եմ օֆիցիալ, մենք գնալու ենք անգամ տեռորի, դա միանշանակ»,–ասաց ակցիայի մասնակիցներից։

Ակցիայի մասնակիցներից մեկ ուրիշի խոսքով էլ, նախկին գյուղապետն ասել է, որ ճանապարհ չփակեն, բայց այս անգամ չեն լսելու նրա խոսքը։

«Պարոն Սարգսյան, քեզ խնդրում ենք, այս անգամ չենք լսելու քեզ, դու ասել ես ճանապարհը չփակես, բայց մենք պետք է փակենք, հաստատ փակելու ենք, ու ոչ թե այստեղ ենք փակելու այլ Երեւանի ճանապարհը։ Մինչեւ Նարեկին չտան, մենք այստեղից չենք գնալու»,–ասաց ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները երկու ամիս էր, որ բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, նրան մեղադրելով՝ մի շարք անօրինականությունների մեջ: Ապրիլի 12-ին և 13–ին տեղի ունեցած բախումներից հետո գյուղապետը հրաժարական էր տվել:

 

Տպել
Ամենաշատ