News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ ապրիլի 18–ին դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ պետք է կայանար Իգոր Խաչատուրովն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Կողմերից, սակայն, դատարան էր ներկայացել միայն Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Մալխասյանը։

Իգոր Խաչատուրովը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է։ Նա հանդիսանում է Մոնումենտի բարձունքում գտնվող հողատարածքի սեփականատերը։ Այդ հողատարածքի հարևանությամբ է կառուցված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Մոնումենտի հայտնի առանձնատունը։ Հարևանները տևական ժամանակ է՝ ընդհանուր հայտարարի չեն գալիս շուրջ 450 քմ հողատարածքի շուրջ, արդյունքում վեճը հասել է դատարան։

Իգոր Խաչատուրովը դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին:  Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին:

NEWS.am-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Մալխասյանը հայտնեց, որ ինքնակամ շինությունը կառուցված է Սուրիկ Խաչատրյանին պատկանող հողամասի վրա:

«Հարակից հողամասը պատկանում է Իգոր Խաչատուրովին։ Հիմնական շինությունը, որով ծանրաբեռնված է Սուրիկ Խաչատրյանի հողատարածքը՝ հողազավթման տեսքով մտել է Իգոր Խաչատուրովի հողամասի մեջ»,- ասաց նա:

Խոսքը, ըստ փաստաբանի, 450  քմ տարածքի մասին է:

Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանի պնդմամբ, սակայն, ժամանակին Իգոր Խաչատուրովի հայրը՝ Յուրի Խաչատուրովը, և Սուրիկ Խաչատրյանը միմյանց հետ պայմանավորվածություն են ունեցել այդ հողատարածքի տնօրինման հետ կապված:

Նույն հիմնավորումը պատասխանողը կողմն ուղարկել է նաև հայցվորին:

«Ի պատասխան մեր գրության, պատասխանողը հայտնել է, որ ժամանակին նրանք պայմանավորվածություն են ունեցել, սակայն դա դատավարական չափորոշիչ չէ, քանի որ յուրաքանչյուր կողմ պետք է ապացուցի իր ներկայացրած փաստերի իրական լինելը, բացի այդ նրանց միջև նման գործարք չի եղել»,- պարզաբանեց Մալխասյանը:

Հարցին, նախքան դատարան դիմելը, արդյոք Իգոր Խաչատուրովն առաջարկե՞լ է Խաչատրյանին քանդել ինքնակամ կառույցը, փաստաբանը պատասխանեց. «Դիմել է ոչ միայն քանդելու,  այլև որևէ կերպ բանակցելու՝ ողջամիտ  տարբերակով խնդրին լուծում տալու համար, սակայն առ այսօր, որքանով տեղյալ եմ, որևէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ, այլապես մեր վստահորդը կհրաժարվեր հայցից»:

Փորձեցինք կապ հաստատել նաև պատասխանող կողմի հետ, սակայն  Մարտին Զիլֆուղարյանը տևական ժամանակ է՝ մեր հեռախոսազանգերին չի պատասխանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ