News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրազդան քաղաքում օրերս նշվեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Սարգիս Սարգսյանի ծննդյան 24-րդ տարեդարձը:

Սարգսի մայրը NEWS.am-ի հետ զրույցոմ նշեց, որ ընտանիքի անդամներով, հարազատներով, ընկերներով այցելել են պանթեոն, որտեղ ամփոփված է Սարգիսը.

«Տարիներ են անցել, բայց կարծես երեկ լիներ Ապրիլյան պատերազմը: Ժամանակը Սարգսիս սրտի հետ կանգ է առել: Ես Սարգսին երբեք բացակա չեմ դնում, որտեղ ես, այնտեղ եւ իմ տղան: Ես դրանով եմ իրեն ապրեցնում, իմ տղան բացակա չէ: Ես գնում եմ բոլոր միջոցառումներին, որ իմ տղային ապրեցնեմ»,- պատմեց տիկին Թամարան՝ նշելով, որ որդու մեջ հայրենասիրությունն այնքան շատ էր, որ չնայած մանկությունից Ռուսաստանում է ապրել, դպրոց հաճախել, սակայն արյան կանչով hետ է վերադարձել հայրենիք ու մեկնել ծառայության:

«Իմ տղան վախեցող տեսակ չէր, հանձնվող տեսակ չէր: Դժվար մանկություն է ունեցել, բայց միշտ ինձ հույս է տվել, որ ամեն ինչ լավ է լինելու: Իր բոլոր ծննդյան օրերը յուրահատուկ եմ հիշում, որովհետեւ Սարգիսն իրեն հատուկ հումորով այնպես էր անում, որ օրն իսկական տոն դառնար: Փոխանակ մենք իրեն ուրախացնեինք, ինքն էր ամեն ինչ անում, որ մենք ուրախանանք»,-ասաց մայրը:

Սարգիսը մեծացել է հայրենիքից հեռու, բայց դպրոցն ավարտելուն պես վերադարձել է Հայաստան եւ մեկնել ծառայության:

Մայրը պատմեց, որ տղան սպորտով էր զբաղվում՝ ֆուտբոլով, երազում էր հանդիպել Հենրիխ Մխիթարյանին: Նաեւ ուզում էր ծրագրավորող դառնար: Մորն ասել էր, որ իրենով հպարտանալու է. «Հիմա տղայիս խոսքերն իրականություն են դառնում, հպարտանում եմ, բայց ոչ թե կյանքում գրանցած իր հաջողություններով, այլ կյանքի գնով մեզ կյանք պարգեւելու համար»:

Հիշեցնենք, որ 2016թ-ի ապրիլի 3-ին իրականացված մարտական գործողության ընթացքում անտեսելով ուժգին հրետակոծությունը, Սարգիսը մարտի է նետվել եւ ոչնչացրել հակառակորդի բազմաթիվ գրոհայինների՝ խափանելով նրանց ամրացումը դիրքում: Ապրիլյան պատերազմի մասնակիցը զոհվել էր հակառակորդի դեմ թեժ մարտում՝ հետ շպրտելով նրանց ու կյանքի գնով պաշտպանելով Թալիշի՝ իրեն վստահված դիրքը:

Սարգիսը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:

Տպել
Ամենաշատ