News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին ավագանու որոշման նախագիծը համարվել է անհետաձգելի եւ ընդգրկվել է այսօրվա նիստի օրակարգում:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց, որ այդ հարցը քննարկել ոչ թե 16-րդը, այլ երկրորդը, քանի որ նիստի վերջում ավագանու անդամները հոգնած են լինում, նաեւ լրագրողներ չեն լինում:

Հայկ Մարությանը սրան կոշտ արձագանքեց. «Ես երբեք չեմ հոգնում, եթե մարդիկ հոգնում են եւ սխալ որոշումներ են կայացնում, ապա պետք է նիստը ընդհանրապես դադարեցնել: Ինձ համար բոլոր հարցերը հավասարազոր կարեւոր են: Եթե վերջին 2 հարցը հոգնած ենք լինելու եւ պետք է սխալ որոշում կայացնենք, եկեք ընդհանրապես նիստը տեղափոխենք ուրիշ օր»:

Հարցը դրվեց քվեարկության եւ մերժվեց:

Միքայել Մանրիկյանը օգտվեց իր արտահեթ ելույթի իրավունքից՝ նշելով. «Պարոն քաղաքապետ, Ձեր անձի հանդեպ ունեմ խորին հարգանք, բայց ձեր ղեկավարման առաջին օրը նշեցիք, որ բոլորս մի մարմին ենք եւ համատեղ ուժերով կյանքի ենք կոչելու երեւանցիների բոլոր խնդիրները, բայց այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, շատ անհարգալից վերաբերմունք էր ընդդիմադիր երկու խմբակցությունների նկատմամբ: Փաստացի, երբ նեղն եք ընկնում, դիմում եք երեք խմբակցություններին, կոչ եք անում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, լուծել որոշակի խնդիրներ:

Ինչն է ստիպել ձեզ, որ նախօրոք «Կամազների» գնման նախագիծը կառավարություն ներկայացնելուց առաջ դրա մասին չեք տեղեկացրել ընդդիմադիր երկու խմբակցություններին: Չնայած, իմ գործընկերը նշեց, որ անգամ «Իմ քայլը» խմբակցությունից 4-5 հոգի է տեղյակ եղել դրանից: Քաղաքապետարանի գործադիր մարմինը պարտավոր է տեղեկացրել իր բոլոր քայլերի մասին ավագանու բոլոր անդամներին: Քաղաքապետարանի Գերագույն մարմինը ավագանին է: Իսկ ո՞վ է ասել, որ 24 «Կամազ» պետք է լինի, այլ ոչ 15 կամ 30: Դուք ունե՞ք համապատասխան մոնիտորինգ: Համոզված եմ՝ չունեք: Դուք ունե՞ք ծրագիր, եթե ունեք, բերեք բոլորով քննարկենք:

Փաստացի դուք արհամարհեցիք երկու ընդդիմադիր խմբակցություններին: Եթե դուք համամիտ չեք իմ տեսակետի հետ, ես պատրաստ եմ ավագանու նիստից հետո դեմ առ դեմ բանավեճի լրագրողների ներկայությամբ»:

Հայկ Մարությանը հակադարձեց. «Ինձ թվում է ժամանակը մի քիչ շփոթել եք, հիմա ընտրություններ չի, նախընտրական պայքար չի, ինչ բանավեճի մասին է խոսքը: Բոլորն ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Եթե դուք նշեք մի կետ ավագանու կանոնակարգում, որ քաղաքապետարանը պարտավոր է բոլոր իր գործողությունների մասին տեղյակ պահել ավագանուն, ես ձեզ հետ կհամաձայնեմ»:

Քաղաքապետի խոսքով, փետրվարից այդ հարցով տենդերը հայտարարված է. «Ամբողջ աշխարհը փետրվարից գիտի, որ 24 մեքենա մրցույթի են հանվել, որ գնում կատարենք: Նոր եք իմացե՞լ: Կառավարության նիստում ընդամենը խնդրել ենք, որ այդ 24-ից մի քանիսը շուտ բերենք»:

Մանիկյանն էլ պահանջեց բացահայտել քաղաքապետարանի եւ «Սանիթեք»-ի նամակագրությունը. «Եթե չբացահայտվի, մեզ մոտ կլինեն կասկածներ սեւ գործունեությունների մասին»:

Տպել
Ամենաշատ