News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ ապրիլի 23-ին, ընդունել է Շվեդիայի Թագավորության Սոդերթայլե քաղաքի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորած պատվիրակությանը, որի կազում էին քաղաքային խորհրդի անդամներ Լինդա Սյոգրենն ու Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը։ Հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի միջնորդությամբ։

Նախարար Պապիկյանը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել նրանց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի եւ Սոդերթայլեի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած անուրանալի ներդրման, ինչպես նաեւ Մեծ եղեռնի զոհերին նվիրված ամենամյա հիշատակման միջոցառումներ կազմակերպելու համար։ Հայ-շվեդական միջպետական հարաբերությունների կայուն զարգացման համատեքստում նախարարն առանցքային է համարել նաեւ երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային եւ միջհամայնքային համագործակցության օրակարգի ընդարձակումն ու գործընկերության նոր հորիզոնների ուրվագծումը։

Սոդերթայլեի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանում դեռեւս նախորդ տարի սկիզբ դրված համակարգային փոփոխություններն ու երկրի զարգացման միտումները հայ-շվեդական երկկողմ կապերի շարունակական զարգացման հիանալի հնարավորություն են ընձեռնում։

Սուրեն Պապիկյանն իր երախտագիտությունն է հայտնել Սոդերթայլեի քաղաքային իշխանություններին կրթադաստիարակչական բնագավառներում հայ համայնքի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության ու հոգատարության համար եւ ընդգծել, որ ցեղասպանությունը վերապրած ժողովրդի համար չափազանց կարեւոր է իր պատմական հիշողությանը հաղորդակցվելու, իր մայրենի լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու հնարավորություն ունենալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ