News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քանի որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումները չեն դադարում՝ հարկ ենք համարում անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Այս մասին «Արարատցեմենտ» ՓԲԸ–ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Գեւորգյանի եւ Բաբկեն Թունյանի հայտարարություններին։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Քանի որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումները չեն դադարում՝ հարկ ենք համարում անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանն իր ելույթում մի քանի դիտարկումներ էր հնչեցրել «Արարատցեմենտ»-ի մասին, որոնք մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում:

Հայկ Գեւորգյանը՝ հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե գործարանը Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով: Այո՛, այդ որոշման մեջ կա նման կետ, բայց դա իրականություն պետք է դառնար միայն այն դեպքում, երբ նույն որոշման 3 կետի բ ենթակետի համաձայն, գնորդը մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատեր «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 մլն ԱՄՆ-ի դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 մլն ԱՄՆ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք: Սրանից զատ՝ գործարանն ունեցել է կուտակված բազմաթիվ այլ պարտքեր եւս, ընդհանուր թվով 1 միլիարդ 400 միլիոն դրամի սահմաններում, որոնք փակելու դեպքում էր միայն հնարավոր շահագործել գործարանը:

Անդրադառնանք նաեւ այն պնդմանը, թե շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով ներդրումները չեղարկվել են: Պաշտոնապես տեղեկացնում ենք, «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը եւ տեսնելով գործարանի հավելյալ պարտքերն ու անմխիթար վիճակը, առաջնահերթ դիտարկելով սեփական բիզնես շահը՝ պարզապես հրաժարվել է ներդրումներ կատարելուց:

Նշենք նաեւ, որ 2002 թվականին «Ռոբերտո» ընկերության կողմից «Արարատցեմենտ» գործարանի մասնավորեցումից միայն ամիսներ հետո է Գագիկ Ծառուկյանը ձեռք բերել բաժնեմասերի 25 տոկոսը, իսկ հետագայում արդեն՝ 2006 թվականին նոր միայն ձեռք է բերել մնացած 75 տոկոսը: Անդրադառնանք նաեւ այն դիտարկմանը, թե «Արարատցեմենտ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից ներդրումներ չեն կատարվել: Այս տարիների ընթացքում սեփականատիրոջ կողմից կատարվել է շուրջ 6.2 միլիարդ դրամի ներդրում, որը հստակ արտացոլված է գործարանի հաշվեկշիռներում: Եվ սա այն դեպքում, երբ այս 6.2 միլիարդ դրամում հաշվարկված չէ 2003 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելու նպատակով նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը: Հենց այս աշխատանքների շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում հայկական ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, իսկ «Արարատցեմենտ»-ի բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին:

Մենք հարկ չէինք համարի այսքան մանրամասնորեն անդրադառնալ այս հայտարարություններին, եթե այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից հերթական անգամ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը չտարածվեր «Արարատցեմենտ» գործարանի մասին:

ԱԺ Տնտեսական հարցերի Մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր հայտարարել է, թե 2016 թվականին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է 500 միլիոն դրամի սահմաններում հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից: Բաբկեն Թունյանը մեղմ ասած սուտ տեղեկություն է տալիս, քանի որ իր մատնանշած օրենքով այդ 500 միլիոնի արտոնությունը տրվել է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին:

«Արարատցեմենտ» գործարանը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է ակտիվորեն մասնակցել խորհրդարանում ձեւավորվող աշխատանքային խմբի հրապարակային քննարկումներին, որտեղ առաջինից երկրորդ ընթերցումով քննարկվելու է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը:

Մենք պատրաստ ենք մեր մասնագիտական գիտելիքներն ու այս ոլորտում աշխատանքի երկարամյա գործընթացում ձեռքբերած փորձառությունն օգտագործել արդյունավետ քննարկումների անցկացման նպատակով: Կարծում ենք, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի գործարանի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված քայլերը բխում են համընդհանուր շահերից»:

Տպել
Ամենաշատ