News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:

Նշենք, որ ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր երկու թեկնածու՝ նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանը եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը: Վերջինս ստացել է 15 ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8 ձայն:

Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականին, Երեւանում, դերասանուհի Լիլյա Հովհաննիսյանի ընտանիքում: Սովորել է Երեւանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-1984 թթ.՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, 1984-1989 թթ.՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում: 1990-1993 թթ. մասնակցել է պետական կոնսերվատորիայի ասիստենտուրա-ստաժիրովկայի «Խմբավարություն» մասնագիտության կուրսերին:

1984-1989 թթ. աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, եղել է երգ-երաժշտության ուսուցիչ եւ խմբավար, միաժամանակ որպես խմբավար աշխատել է քաղաքային պիոներների եւ դպրոցականների պալատում եւ մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում: Ղեկավարել է «Հայրեն» եւ «Ալելուիա» երգչախմբերը:

1995 թվականից դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006 թ.՝ դոցենտ, 2016 թ.՝ պրոֆեսոր): 1992 թվականին հիմնադրել եւ առ այսօր ղեկավարում է «Հովեր» երգչախումբը: Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում, հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ):

«Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ եւ օպերաներ՝ «Սեւիլյան սափրիչ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», «Եվգենի Օնեգին», «Անուշ»:

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007 թ.

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2010 թ.

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել