News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել երեկ՝ մայիսի 14-ին, Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում տեղի ունեցած միջադեպից։

«Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում մայիսի 14-ին բողոքի ակցիա էր։ Դրան մասնակցում էին նաեւ անչափահասներ՝ ձեռքներին պարզած «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» եւ այլ պաստառներ։ Նրանց կողքին կանգնած էին մի խումբ այլ ցուցարարներ, որոնք, դատելով հասակից, բեղ-մորուքից, չափահաս էին։ Yerevan.Today-ի նկարահանող խումբը մոտեցավ երեխաներին՝ իմանալու, թե ինչո՞ւ են եկել, ո՞վ է բերել, ո՞վ է տվել նրանց այդ պաստառները։ Երեխաները նշեցին, որ ծնողների հետ չեն։ Մեր նկարահանող խմբին մոտեցան չափահասները եւ խանգարեցին աշխատանքը։ Նրանք վիրավորում էին մեր կայքը, մեղադրում լրագրողին, որ անչափահասից հարցազրույց է վերցնում՝ առանց ծնողի ներկայության, թույլտվության։ Բանը հասավ ցուցարարների՝ հիստերիկության նոպաների մեջ ընկնելուն։ Բախում տեղի չունեցավ ոստիկանության միջամտության շնորհիվ։ Բայց ուշագրավ է, որ նույն ոստիկանները հանգիստ հսկում էին երեխաների այլասերումը այդ չափահասների կողմից եւ որեւէ միջամտություն ցույց չէին տալիս։

Ստացվում է, որ կարելի է անչափահասին ներգրավել ատելության քարոզի մեջ, տալ հակաքարոզչական պաստառներ եւ ներգրավել քարոզչության մեջ, իսկ լրագրողին, որը փորձում է այդ ամենը պարզել եւ կանխել, նրան մեղադրել, վիրավորել եւ խոչընդոտել աշխատանքները։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ երեխաների նկատմամաբ հանցագործության բացահայտումն ու կանխումն իրավապահների գործն է առաջին հերթին, բայց երբ նրանք դիտորդի դերում են, ուրեմն դա ստիպված է անել լրագրողը, այս դեպքում՝ մեր լրագրողը։

Երեկոյան, արդեն, Yerevan.Today-ի օպերատորին են զանգահարում ինչ-որ անձինք՝ փակ հեռախոսահամարով, ներկայանում են ոստիկանության Մասիսի բաժանմունքի աշխատողներ եւ հրավիրում զրույց ունենալու։

Հրավիրում ենք ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, անչափահասների իրավունքների եւ լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը։

Ահազանգում ենք կատարված հանցագործության մասին, այն է՝ երեխաներին ներքաշել ատելության քարոզի մեջ, խոչնդոտել լրագրողների աշխատանքը եւ հաշիվ մաքրել նրանց հետ։

Ոստիկանությունը պետք է պարզի՝ ովքեր էին երեխաներին ներքաշում իրենց այսպես ասած՝ պայքարի մեջ, ովքեր էին սերմանում անհանդուրժողականություն ու ատելություն, ի՞նչ նպատակով, ովքե՞ր են խոչընդոտել մեր թղթակիցների աշխատանքներին, ովքե՞ր են զանգահարել մեր օպերատորին եւ փորձել հաշիվ պարզել։ Լրագրողների շահերի պաշտպաններին կոչ ենք անում տալ գնահատական կատարվածին, մանավանդ որ չափահաս ցուցարարները անթաքույց եւ հրապարակավ ատելություն էին քարոզում Yerevan.Today-ի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել բազմաթիվ քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բազմաթիվ տեսանկարահանող սարքերով ֆիքսվել է»,– նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ