Երևանը կրկին փորձում է իր ընդունած որոշումների պատասխանատվությունը բարդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։

«Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում, — ընդգծել է Պանկինը։ — Ավելի շուտ՝ հակառակը․ կրկին ակնհայտ են ընդունվող որոշումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձերը»։

Այս առնչությամբ ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ «ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ անդամ պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև անդամավճարների գծով կուտակված պարտքի ամբողջական մարումը»։

Մեկնաբանելով նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովից ակնկալիքները՝ նա նշել է, որ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանը «կդառնա միավորումում Ռուսաստանի նախագահության գագաթնակետը»։

«Նախատեսվում է մեր պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացնել փաստաթղթերի ծավալուն փաթեթ՝ ուղղված միավորման՝ որպես տարածաշրջանային կայունության պահպանման առանցքային մեխանիզմներից մեկի ներուժի հետագա համակողմանի ամրապնդմանը», — մանրամասնել է Պանկինը։