News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր ներկայացվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdararir.am-ը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը,  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ինչպես նաեւ պետական մարմինների եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:

Սուրեն Քրմոյանը միջոցառման մասնակիցներին ընթերցել է փոխվարչապետի ողջույնի խոսքը՝ նշելով, որ հարթակի գործարկումը կարեւոր քայլ է՝ ուղղված Կառավարության ծրագրային նպատակներին հասնելուն: «Թավշյա հեղափոխությունն արմատախիլ արեց համակարգային կոռուպցիան, եւ այսօր Կառավարության առջեւ դրված է նոր խնդիր՝ ստեղծելու այնպիսի ինստիտուտներ եւ ձեւավորել քաղաքացիական այնպիսի գիտակցություն, որը կկանխարգելի կոռուպցիոն ցանկացած դրսեւորում: Հետեւապես, Կառավարության գործողություններն ուղղվելու են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները, ինստիտուցիոնալ համակարգը ամրապնդելուն եւ կոռուպցիայի դեմ պայքարող մարմիններին պատշաճ գործիքակազմով ապահովելուն»,- մեջբերել է փոխվարչապետի խորհրդականը՝ հավելելով, որ այդ ճանապարհին կարեւորվում է ժամանակակից եւ նորարական տեխնոլոգիաների կիրառումը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին միջոցառմանը մասնակցելու եւ իրենց ներկայությամբ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման պատասխանատու հարցում ներդրում ունենալու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաեւ Համաշխարհային բանկին եւ Միացյալ Թագավորության դեսպանատանը՝ միջոցառումն իրականություն դարձնելու համար:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը եւ անդառնալի ազդեցությունը օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա՝ հավելելով, որ բոլորը գործնականում ականատես են եղել կոռուպցիայի բացասական ազդեցության հետեւանքներին:

«Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ճանապարհով տանելու նպատակով կարեւորվում է ռազմավարական եւ ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Այդ համատեքստում շատ եմ կարեւորում ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ հարթակի միջոցով անձը հնարավորություն ունի անանուն եղանակով ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, ինչը հնարավորություն կտա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը որակական նոր փուլ տեղափոխել:

Նախարարը վստահեցրել է, որ Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, երաշխավորելու է անձի անանունությունը նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (IP) ծածկագրելու միջոցով, իսկ հաղորդման բովանդակության գնահատման եւ ստուգման երաշխավորը Գլխավոր դատախազությունն է լինելու:

Ավարտելով խոսքը՝ արդարադատության նախարարն ակնկալել է բոլորի ակտիվ մասնակցությունը՝ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն դրսեւորելու առումով:

Ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանն անդրադարձել է հարթակի վերաբերյալ  Դատախազության գործառույթներին եւ լիազորություններին՝ նշելով, որ www.azdararir.am հարթակի գործարկումը չափազանց կարեւոր քայլ է կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգային հիմքերի ապահովման եւ կոռուպցիոն երեւույթների կանխարգելման համար:

ՀԲ ներկայացուցիչ Սիլվի Բոսութղոն եւս կարեւորել է հարթակի գործարկումը եւ նշել, որ Հայաստանը թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո մեծ հաջողություն է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: «Այս հարթակը լիարժեքորեն հասանելի է լինելու հանրությանը. այն հաշվառելու է կոռուպցիոն հնարավոր հանցագործությունների հաղորդումները եւ փոխանցելու է համապատասխան մարմնին՝ հիմքերի առկայության դեպքում դրանց ընթացք տալու համար»,- նշել է Սիլվի Բոսութղոն:

Միջոցառման ընթացքում ԱՆ ներկայացուցիչ Արփի Սարգսյանը ներկայացրել է էլեկտրոնային հարթակից օգտվելու հնարավորությունները, այնուհետեւ ցուցադրվել են ազդարարման համակարգի եւ ազդարարի պաշտպանության երաշխիքների վերաբերյալ իրազեկման հոլովակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ