News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը և ներկայումս նախապատրաստվում է ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Պարզաբանման կարգով տեղեկացնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ:

Չնայած այն հանգամանքին, որ օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից, սակայն նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են:

Այս իմաստով 2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելն իրավաչափ է:

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է նշված դատական ակտը և ներկայումս նախապատրաստվում է վերջինիս դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը»,- ասված է նրա գրառման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ